Տնտեսություն 

«Բաց երկնքի» գլխավոր պատասխանատուն կդառնա Էկոնոմիկայի նախարարությունը

analitik.am

Օդային փոխադրումների ազատականացմանն ու բաց երկնքի քաղաքականության ներդրման գլխավոր պատասխանատուն դառնալու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նշված ոլորտների նոր միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների վարումը և և պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգրավելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը»,- ասված է որոշման նախագծի մեջ:

ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների մի շարք կառավարությունների միջև այս պահին ստորագրված են օդային հաղորդակցության կամ օդային տրանսպորտի մասին միջկառավարական համաձայնագրեր, որոնցով սահմանվում են օդային հաղորդակցության հստակ ուղղություններ, առկա են սահմանափակումներ: Այժմ այդ համաձայնագրերը պետք է վերանայվեն, մասնավորապես՝ պետք է վերացվեն սահամանփակումները, որի համար էլ Էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան իրավասություններ են տրվում: 

Նույն շարքից