Տնտեսություն 

Աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ

analitik.am

Վերջին օրերին մի շարք ընկերություններ (ՄՏՍ, Քաջարանի ՊՄԿ, Արարատբանկ) հայտարարեցին, որ իրենց աշխատակիցների համար իրենց իսկ միջոցների հաշվին կկատարեն պարտադիր կուտակայինի վճարումները. սա իշխանության ձեռագիրն է: Այս մասին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:


Նա մասնավորապես նշել է.


«Օգտագործելով մի շարք իբր թե հեղինակավոր գործարարների իմիջն ու այսպես կոչված նախաձեռնությունը թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի 1-ից։ Իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։ Այս աշխատակիցները կրկնակի անգամ են վճարում։ Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։ Կոնյակի գործարանը 1998-2006թթ ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։ Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա, օրինակ, ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն. արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ։ Կամ էլ ամեն տարեվերջին նախատեսված աշխատավարձի պարտադիր բարձրացումը արդյոք չի ներկայացվում իբրև կուտակային փոխհատուցում։


Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ եվ ուրեմն պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ. քողարկված ձեւով այդ ընկերությունների ղեկավարները քաղաքականապես օգնում են կառավարությանը։ Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի»:

Նույն շարքից