Տնտեսություն 

Արտասահմանի օգնությունը Հայաստանին միշտ չի լինելու

analitik.am

Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում, փոքր երկիր է, փոքրաթիվ բնակչությամբ, սառեցված կոնֆլիկտի մեջ է հարևան երկրի հետ, շրջափակված է, ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի և Արևելքի հետ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին «Մարիոթ» հյուրանոցում ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը՝ 2013-18թթ Հայաստանի օժանդակության  ռազմավարությունը ներկայացնելուց առաջ:


Նա նշել է, թե միաժամանակ Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ ունի իր հետաքրքիր պատմության և մշակույթի, բնակչության կրթվածության եւ բազմազան բնական ռեսուրսների շնորհիվ: «Մշակել ենք նոր ռազմավարությունը՝ հաշվի առնելով առկա խոչընդոտներն ու հնարավորությունները»,- նշել է Հիլիարդը:


Նա ներկայացրել է տնտեսական աճի, կառավարման առողջապահության, եւ սոցիալական բարեփոխումների ոլորտում հիմնական ռազմավարական ուղղությունները: Ըստ նրա, գալիք հինգ տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն ՀՀ քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների եւ ռեսուրսների հասանելիության ավելացմանը, նորարարության ու ներդրումների համար նպաստավոր  գործարար միջավայրի ստեղծմանը:

Նույն շարքից