IT 

Եռաչափ ճանապարհորդություն դեպի Ստեփանակերտ և Շուշի Google Earth-ում

analitik.am

«Լոկատոր» ընկերությունը Լեռնային Ղարաբաղի տուրիզմի գործակալության հետ համատեղ եռաչափ ֆորմատով մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել վիրտուալ ճանապարհորդություն Արցախով՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, Սուրբ Ղազանչեցոց և Գանձասար եկեղեցները։ Այս մասին ասաց «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:


«Մոտ մեկ տարի աշխատել ենք այդ նախագծի վրա, որի նպատակն է զարգացնել տուրիզմը, բարձրացնել Արցախի քաղաքների ճանաչելիությունը և դրանց իրական անվանումները հայտնի դարձնել, քանի որ Google Earth-ում հիմնականում ադրբեջանական տեղանուներով են քաղաքները նշվում»,-ասաց Վլադիմիր Սոֆյանը` նշելով, որ ծրագրի առավելությունն այն է, որ տուրիստը մինչև Արցախ այցելելը կարող է վիրտուլ շրջագայել այդ քաղաքներով:


Նրա խոսքով` Google Earth համակարգում տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով՝ ճանապարհորդը կարող է կարդալ նշված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և, ամենակարևորը, կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ հայերեն անվանումը։


«Լոկատորը» նաև պատրաստվում է մոդելավորել Արցախի պատմամշակութային կոթողները` եկեղեցիները, վանքերը և արձանները:


Վլադիմիր Սոֆյանը պատմեց, որ 2012-ից «Լոկատորը» զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ, եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևանը, Լեհաստանի Լյուբլին քաղաքը:


Ներկայում ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ ինտերակտիվ մոբայլ մոդելավորմամբ` Էջմիածին, Նորավանք, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Կեչառիս և Սևանավանք: Ընկերությունը այս ծրագիրն իր սեփական միջոցներով է իրականացնում։

Նույն շարքից