Տնտեսություն 

ՀՀ Սահմանադրությունը չի ասում պաշտոնատար անձանց խաբել ժողովրդին

analitik.am

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը Կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի կողմից բյուջեի նախագիծը համարում է ձևական, քանի որ առանց դրա էլ Կառավարությունն անում է այն, ինչ ցանկանում է:


Այսօր կայացած ասուլիս-բանավեճին այս համատեքստում նա որպես օրինակ նշեց նաև գազի գնի առաջացրած խնդիրը։ «Առհասարակ 2013թ. բյուջեում նախատեսված չէին սուբսիդիաներ գազի ֆինանսավորման համար, բայց տեսանք, որ վարչապետը միջամտեց հարցին, առանց հիմնավորման հայտարարվեց, թե կսուբսիդավորի 30%-ը, և այն էլ հետագայում պարզվեց, որ սուբսիդիան պետական գույքից պետք է հատկացվի, մասնավորապես «ՀայՌուսգազարդի» վերջին 20% բաժնեմասից։ Այդ գործողությունները որևէ կապ չունեն բյուջետային օրենսդրական կարգավորման հետ, և սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը կաշկանդված չէ բյուջետի մասին օրենքով»,-ասաց նա։

 

Բյուջեի մասով Անդրեաս Ղուկասյանը նաև կարևոր համարեց ընդգծել այն, որ Կառավարությունը նախատեսել է 1 տրիլիոնից ավելի եկամուտներ, իսկ ծախսերի 35%-ը, ըստ նրա, դառնում է նաև եկամուտներ, քանի որ պետությունն ամենախոշոր հարկատուն է։ «Այսինքն` 1 տրիլիոնից 35%-ը կառավարությունը գանձում է ինքն իրենից»,-ասաց նա։

 

Ըստ քաղաքագետի՝ բյուջեով նախատեսվել է, որ միջին առումով քաղաքացու սպառողական կարողությունը լինի առնվազն 1 մլն դրամի, այսինքն` քաղաքացին պետք է այդքան ապարանքներ և ծառայություններ գնի, որպեսզի կառավարությունը կարողանա 650 մլն-ից ավելի գանձումներ անել։ «Իսկ դա հակասում է, քանի որ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատության շեմից ցածր է ապրում և ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացու սպառողական կարողության միջին ցուցանիշը լինելու է 1 մլն. դրամ, անհիմն ենթադրություն է»,-ասաց նա։

 

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձեց, որ կարևորը բյուջեի իրատեսական լինելն է, և իրենք չեն արել մի քայլ, որը հակասահմանադրական է եղել։ «Եթե նախորդ տարիների կատարողականներին ենք անդրադառնում, ապա թվային տեսքով 100%-ին մոտ է լինում, այսինքն` անցած տարվա կատարողականները թույլ են տալիս ենթադրել, որ սա էլ իրատեսական կլինի»,-ասաց նա։

 

ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց անդրադառնալ ավելի շատ գործընթացներին, հարցադրումներին ու շեշտադրումներին, որոնք վարչապետի կողմից արվեցին։

 

«Մասնավորապես ՄՄ-ին անդամակցելու դեպքում տասնյակ օրենսդրական նախաձեռնություններին, արդյունաբերության հեռանկարներին, մասնավորապես, տեքստիլ, նաև՝ կոշիկի արտադրության հեռանկարներին, որոշակի ճյուղերի երկնիշ տնտեսական աճին, մի խոսքով այն դրականին, որի ակնկալիքները ունենք՝ ՄՄ-ին անդամակցելով»,-ասաց նա։

 

«Մենք տեսնում ենք կառավարման ոլորտում հաճախակի կիրառվող հայտարարություններ մեգապրոեկտների մասին, որոնց ճակատագրից, սակայն այդպես էլ լուրջ հաշվետվություն մենք չունենք, ...չկա պատասխանատվություն պաշտոնական անձանց մոտ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ օրինակ բերելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին հայտարարությունները և ՀՀԿ-ական պատգամավորին հիշեցրեց, որ «ՀՀ Սահմանադրությունը չի ասում պաշտոնատար անձանց խաբել ժողովրդին»։ 


Նույն շարքից