Տնտեսություն 

Կառավարությունն իր իրարամերժ գործողություններով տապալեց Ազգային ավիափոխադրողի ինստիտուտը

analitik.am

2013 թվականը շատ ծանր տարի էր քաղավիացիայի համար: Մենք կորցրինք ազգային ավիափոխադրողին, իսկ այն ընկերությունները, որոնք եկան, չունեն այն տեխնիկական բազան, որը կարողանում էր ապահովել «Արմավիան»: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանը:

 

Նրա խոսքով, կառավարությունն իր անհետևողական և իրարամերժ գործողություններով տապալեց Ազգային ավիափոխադրողի ինստիտուտը Հայաստանում:

 

«Տուժեց պետությունը, որովհետև սեփական ավիափոխադրող չունենալը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: 420 հոգի մնացին գործազուրկ, նրանք մինչ օրս չեն կարողանում աշխատանք գտնել, դա պետք է որ հուզի կառավարությանը»,-ասաց Հանրային խորհրդի անդամը:

 

Նա իր խոսքում նաև նշեց, թե Կառավարությունն իր խոստումները չկատարեց, այն է՝ մինչև սեպտեմբեր ունենալ երեք ազգային ավիափոխադրող և անցկացնել երթուղիների տենդերներ:

 

Իզաբելա Մուրադյանն ի լրումն ասաց, թե կորցնելով ազգային ավիափոխադրողին՝ Հայաստանը պետական և ազգային շահերի տեսակետից խիստ անբարենպաստ վիճակում հայտնվեց:

 

«Աղետների և այլ արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում մենք անելանելի վիճակում ենք հայտնվելու. Հայաստանի օդաչուական անձնակազմը զրո է, ինքնաթիռների ազգային պարկը նույնպես զրո է: Սա այն դեպքում, երբ Վրաստանը 54 ինքնաթիռ ունի, Ադրբեջանը 28, իսկ Հայաստանն ընդհանրապես չունի: «Արմավիան» իր պարկում ուներ 8 ինքնաթիռ»,-ասաց Հանրային խորհրդի անդամը:

 

Հանրային խորհրդի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց նաև «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի վերաբերյալ: «Պարզ է, որ շենքը չի կարող ինքնին գոյատևել, կամ պետք է ծախսեր կատարել այն քանդելու համար, կամ ծախսեր անել այն պահպանելու համար»,-ասաց Իզաբելա Մուրադյանը:

 

Ի դեպ, Իզաբելա Աբգարյանը այս ամենը ներկայացնելուց հետո, լսելով լրագրողների հարցերը «բաց երկնքի քաղաքականության» մասին, հանկարծակի ոտքի կանգնեց ու դուրս եկավ սենյակից՝ չպատասխանելով և ոչ մի հարցի և հույս հայտնելով, որ կավարտվի սողունի տարին, և գալիք տարին հայկական ավիացիայի համար բարենպաստ կլինի:

Նույն շարքից