Տնտեսություն 

Երիտասարդ մասնագետներին մատչելի վարկավորմամբ բնակարան ունենալու հնարավորություն կընձեռվի

analitik.am

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Արարատբանկը ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը տրամադրելու է ՀՀ դրամով, մինչև 20 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով և կառուցվող բնակարանների գրավադրմամբ: Տրամադրվող վարկերը վերաֆինանսավորվելու են ՀՀ կենտրոնական բանկի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և դրա շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են երիտասարդ մասնագետներին:

Բնակելի համալիրը բաղկացած է լինելու յոթ մասնաշենքերից և ընդհանուր առմամբ ունենալու է 490 բնակարաններ, որոնք շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում:

Շենքի շինարարությունը մեկնարկել է 2013թ. փետրվարի 1-ին և նախատեսվում է ավարտել 2015թ. օգոստոսին:Բազմաբնակարան շենքերը լինելու են մոնոլիտ-երկաթբետոնյա, որոնք ունենալու են 14 բնակելի հարկեր և ստորգետնյա ավտոկայանատեղեր: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ ՀՀ դրամ: 
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր:

Նույն շարքից