Տնտեսություն 

Աշխատանքի որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված ՄՄ-ին մեր անդամակցության հետ

analitik.am

Աշխատանքի որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր՝ դեկտեմբերի 13-ին այցելել է Էկոնոմիկայի նախարարություն:


Նա շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:


Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:


Զեկույցները լսելուց հետո, նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջեւ դրված խնդիրների եւ առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր եւ շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետեւ, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է նախագահը:


Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:


Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերեւան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կատարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, եւ ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել եւ այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ նախագահի, պետք են նաեւ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Նույն շարքից