Տնտեսություն 

Ստվերային տնտեսության կրճատման առավելությունները

Վերջերս բավականին շատ է խոսվում ստվերային տնտեսության կրճատման մասին: Այսօր էլ ՀՀ ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մտահոգություններին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք  բոլորս  գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է  աշխատեն այն դուրս բերել լուսավոր տարածք: Այլ տարբերակ չկա: Մենք չպետք է մտածենք, որ փող չունենք: Մենք փող ունենք, պարզապես այն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի»:

Ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելն իրականում բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է: Ստվերային տնտեսության հարկային դաշտ բերելու առավելություններին է անդրադարձել տնտեսագետ,  «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Մհեր Փարվանյանը  «Հրապարակ» թերթում  հրապարակված  ծավալուն հոդվածում.

Առավելություն 1․ Հասարակության սոցիալական բեռի թեթեւացում։ Տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների գնահատումներով՝ ՀՀ-ում տնտեսության ընդհուպ կեսը գործում է ստվերում։ Ակնհայտ է, որ ստվերի էական կրճատման եւ հարկային մուտքերի հոսքի պայմաններում առավել արդյունավետ կսկսի իրագործվել պետության սոցիալական գործառույթը։ Կառավարությունը հնարավորություն կստանա վերանայել կենսաթոշակները, նպաստները եւ պետական աշխատավարձերը՝ վերջինով ազդելով նաեւ ընդհանուր աշխատաշուկայի վրա։

Առավելություն 2․ Բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծում։ Ստվերային տնտեսության պայմաններում տարբեր տնտեսվարողներ ստվերի պահպանման համար կատարում են տարբեր ծախսեր։ Օրինակ՝ եթե մեկն ստիպված էր հարկային կամ մաքսային մարմիններին վճարել ոչ ձեւակերպված որոշակի գումարներ, ապա մյուսը ստվերը պահպանում էր իր անձնական կապերի շնորհիվ։ Հետեւաբար, ստվերի էական կրճատումը բոլոր տնտեսվարողներին կբերի հավասար հարկային դաշտ։

Առավելություն 3․ Պետության ֆիսկալ գործառույթի լիարժեք կիրառում։ Բիզնեսի ամբողջական հարկումը թույլ կտա կառավարությանը իրականացնել բիզնեսի խթանման նպատակով հարկաբյուջետային գործիքների լիարժեք կիրառում, այդ թվում՝ հարկային դրույքաչափերի կամ հարկման բազաների վերանայում։

Առավելություն 4․ Արտաքին պարտքի տեսքով ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության նվազում։ ՀՀ 2018թ․ բյուջեի նախագծով բյուջեի դեֆիցիտը կազմում է բյուջետային մուտքերի մոտ 12 տոկոսը, հետեւաբար, ստվերի հնարավոր չափի հաշվառմամբ, իրատեսական է ակնկալել գոնե արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցների էական նվազումը։

Իհարկե, բացի վերոնշյալ առավելություններից, կան այլ բազմաթիվ առավելություններ։ Առհասարակ, ստվերի էական կրճատումը նպաստում է տնտեսական, հետեւաբար եւ՝ ազգային անվտանգության ամրապնդմանը։ Ստվերի կրճատումը բազմաքայլ գործընթաց է ՀՆԱ ձեւավորման բոլոր փուլերում։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կառավարության ջանքերը՝ ուղղված ստվերի կրճատմանը, պետք է լինեն համակարգված եւ քայլերի ճիշտ հերթականությամբ՝ ապրանքների ու ծառայությունների շուկայում գներին եւ, առհասարակ, բիզնեսին նվազագույն վնաս հասցնելու առաջնահերթությամբ պայմանավորված։

  • 124
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
    128
    Shares

Related Articles