Տնտեսություն 

Նոր օրենքը կարող է խարխլել տաքսիների շուկան

analitik.am

Նոր օրենքը կարող է խարխլել տաքսիների շուկան, որը Հայաստանում ոչ մենաշնորհային սակավաթիվ գոտիներից մեկն է: Այդ մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել  է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:  Ըստ նրա` «Պետական տուրքի  մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը  կհանգեցնի նրան, որ ձեռնտու կլինի որպես անհատ աշխատել, այլ ոչ թե տաքսի ծառայությունում: 


Եթե  նախկինում մեկ տաքսու սեփականատիրոջ համար լիցենզիայի  պետական տուրքը 25 հազար դրամ էր եւ 200 հազար դրամ՝ մեկից ավելի տաքսիների համար, ապա ըստ նոր օրենքի`առաջարկում են մեկ տաքսու հարկն ավելացնել մինչեւ 100 հազար դրամի: Նույն հարկը կգործի նաեւ 4 մեքենատերերի համար, այնուհետեւ կավելանա մինչեւ 200 հազար դրամ:


Վ. Սահակյանը նշել է, որ տաքսի ծառայությունների համար ավելի ձեռնտու կլինի բաժանվել անհատների` ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:  «Արդյունքում խարխլվում է տաքսու շուկան, որը Հայաստանում ոչ մենաշնորհային սակավաթիվ  գոտիներից մեկն է: Միայն Երեւանում գործում է 25 հազար տաքսի, բազմաթիվ ծառայություններ:  Որեւէ մեկ ուժ  պարզապես ֆիզիկապես չի կարող համախմբել դրանք եւ կառավարել: Իսկ ահա անհատների հետ դա անելը հեշտ է:  Հենց դա էլ մեր անհանգստության պատճառն է. լիցենզավորման փոփոխությունները չպետք է հանգեցնեն տաքսի ծառայությունների լուծարման», - հայտարարել է Սահակյանը:

Նույն շարքից