Տնտեսություն 

Հայաստանում տաքսու վարորդ կարող է դառնալ վարորդական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք

analitik.am

Հայաստանի կառավարությունը տաքսու ոլորտը թեթևացնելու վերաբերյալ օրինագծերի փաթեթ է մշակել:  Օրինագծերն արդեն Հայաստանի խորհրդարանում քննարկման են ներկայացվել, դրանք զգալիորեն  հեշտացնում են տաքսու վարորդ աշխատելու հնարավորությունը: 


Եթե նախկինում այդ բիզնեսով կարող էին զբաղվել միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, ապա այժմ անհատ տաքսու վարորդը չպետք է պետգրանցում անցնի. ֆիզիկական անձի կարգավիճակը բավարար կլինի:  Իսկ լիցենզիայի համար կարելի է դիմել ոչ միայն Երևանում, այլև մարզկենտրոններում: Դրանից հետո սահմանված ժամկետում վարորդը ստանում է ինքնասոսնձվող  կտրոն` մեքենայի հետնապակու համար, որը փոխարինում է նախկին համարներին: 


Մյուս պարզեցումներից է ամեն օր աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր բուժզննում անցնելու պահանջի վերացումը: Ըստ տրանսպորտի նախարարության` բուժզննումը միայն փաստաթղթերի վաճառքի է հանգեցնում:


Մյուս կողմից էլ, լիցենզիայի տուրքի չափն անհատ վարորդի համար առաջարկվում է տարեկան 25 հազար դրամից ավելացնել մինչև 100 հազար դրամ: Նույն հարկը կգործի նաև 4 մեքենատերերի համար, այնուհետև կավելանա մինչև 200 հազար դրամ: (Նախկինում մեկ տաքսու սեփականատիրոջ համար լիցենզիայի  պետական տուրքը 25 հազար դրամ էր և 200 հազար դրամ՝ մեկից ավելի տաքսիների համար): Երկրորդ տուրքը վերաբերվում է Երևանում և մարզերում տարբերակմանը: Երևանում ֆիզիկական անձանց համար տուրքը կկազմի ամսական 12 հազար դրամ: Քաղաքների, գյուղերի և սահմանամերձ գյուղերի դեպքում դրույքը նվազում է ամսական մինչև 4 հազար դրամ:


Սպառողների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից առաջարկվում է տաքսիներում գնացուցակ ներմուծել` մեքենայի ներսում և հետնամասում: Ագելվում է ծխել մեքենայի ներսում, իսկ ապակիներն իջեցնել և երաժշտություն միացնել միայն ուղևորի և վարորդի փոխադարձ համաձայնության դեպքում: 


Օրինագծերի փաթեթն ընդունվելու դեպքում սպասվում է, որ մասնավոր հատվածը կստանա 1,65 միլիարդ դրամ` եկամուտների և հարկերի ու տուրքերի խնայողությունների տեսքով:

Նույն շարքից