Տնտեսություն 

2014-ին դեպի Հայաստան չվերթներ կիրականացնի նաև «Իթիհադ Ավիաուղիները»

analitik.am

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, հայկական «Վիզա Կոնկորդ» տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` «Իթիհադ Ավիաուղիների» հետ, որպեսզի վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան, այս մասին տեղեկացնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»–ի ՓԲԸ մամուլի ծառայությունը։

2014-ի հուլիսից «Իթիհադ Ավիաուղիները» կսկսի իրականացնել Աբու Դաբի –Երևան չվերթներ: «Իթիհադ Ավիաուղիները» հայտնի է որպես առավել բարձրակարգ սպասարկում իրականացնող ավիաընկերություն:

Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, «Իթիհադը» առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում:

Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա:

«Իթիհադ Ավիաուղիներին» է պատկանում նաև Եվրոպայի մեծությամբ 6-րդ փոխադրող «Էյր Բեռլինի» 30%-ը և «Էյր Սեյշելզի» 40%-ը:

Նույն շարքից