Տնտեսություն 

Ինչո՞ւ է Կառավարությունը «ՀայՌուսգազարդի» պարտքը գաղտնի պահել

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից այսօր ԱԺ-ում երեք միջպետական համաձայնագրերի խորհրդարանական լսումների քննարկման ժամանակ հարցրեց, թե ինչու Կառավարությունը գաղտնի է պահել «ՀայՌուսգազարդ» -ի մասով պարտքը:

Նա նշեց, որ 2011 2012 թվականից ռուսները երկու անգամ բարձրացրել են գազի գինը. 1000 խմ գազի դիմաց 150 ԱՄՆ դոլարից` 240 դոլար, հետո` 270 դոլար:

«Ինչու Հայաստանի քաղաքական ուժերը և հասարակությունը դրա մասին ոչինչ չեն իմացել, այլ ընթացքում կուտակվել են առաջին տարվա համար 46 միլիոն դոլար՝ 2012-ի համար, 2013 –ի համար` 518 միլիոն դոլար, 2013-ին` արդեն 89 միլիոն դոլար»,– հարցրեց Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորը հարցրեց, թե Կառավարությունը, որն այս պարտքն իր վրա վերցրել, չի նշել, թե ինչ եկամուտների հաշվին: «Եվ դա է պատճառը, որ հիմա ստիպված եք վաճառել 20 տոկոսը»– ավելացրեց նա:

Նրա գնահատմամբ` այս ամենը կատարվել է ՀՀ Սահմանադրության, բյուջեի մասին օրենքի, «Մասնավորեցման մասին» օրենքի խախտումներով:

«Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի հետ է սա կապված, ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել մի Կառավարության , որը երեք տարվա ընթացքում այդքան օրենքներ է խախտել, Սահմանադրություն»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց հետևյալ կերպ. «Նախ, սկզբում որոշում կայացվեց, որ շարունակվում է 180 դոլարով իրացնել սահմանի վրա գազը Հայաստանում, մինչև տեսնենք` բանակցությունները ինչ արդյունք են տալիս, և այդ պատճառով ԱԺ ներկայացնելու որևիցե խնդիր չկար: ԱԺ պետք է ներկայացվեր այն ժամանակ, երբ պետք է ձևավորվեր որոշակի թվի մեծություն, որով պարզ կլիներ և որը արդեն պետք է ներկայացվեր ԱԺ»։

Արմեն Մովսիսյանի խոսքով՝ դա պարզ է դարձել այս տարի, այսինքն` նոր է խնդիրը առաջացել և որևիցե խախտում տեղի է ունեցել։

«Այո՛, գազը առաջարկել են ավելի թանկ, այո՛, մեր Կառավարությունը որոշում է կայացրել, որ գազի գինը չենք փոխելու, հակառակ դեպքում այսօր գազի գին կունենայինք ոչ թե 189 դոլարը, այլ 210 կամ 240 դոլարը: Սա էր ողջ պատճառը, որ մենք ներկայացրինք, որ այս գինը մեզ համար ընդունել չի»,– ասաց նա:

«Եվ մենք մինչև բանակցությունները չավարտենք չենք կարող թվերը դարձնել հասարակության սեփականություն»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ սա է եղել բանակցությունների ողջ իմաստը և ինքը չի կարծում, թե այստեղ որևէ հանցագործություն կա:

Նույն շարքից