Տնտեսություն 

Խոզերի անկման պատճառը խոզի ժանտախտն է. Հրաչ Բերբերյան

analitik.am

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կանխատեսում է, որ հանրապետությունում տոներին ընդառաջ մսի գինը 10%-ով կավելանա, իսկ միակ խոչընդոտը, որն առկա է մսի շուկայում, օրերս հայտարարած հիվանդությունն է: «Մենք հստակ ասում ենք, որ Լոռու մարզում խոզերի անկման պատճառը խոզի ժանտախտն է»,- Tert.am-ին ասաց նա:

Հիվանդության առաջացման պատճառը նա կապեց այն հանգամանքի հետ, թե անասնաբույժները «մատների արանքով են նայում» այդ խնդիրներին:

Վերջինիս փոխանցմամբ՝ խոզի մսի ներկրումն ավելացել է, 6 400 տոննայից դարձել է 7 000 տոննա: Ինչպես նաև վերջին 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 մլն թև ավել թռչուն է ներկրվել հանրապետություն, 1,5 մլն-ով ավել ձու է ներկրվել, և վերջին 10 տարիներին Հայաստանը թռչնի միս ու ձու արտահանող երկրից դարձել է ներկրող:

Մսի գնանկումը, սակայն, Հրաչ Բերբերյանը չի կապում ներկրումների աճի հետ. «Ուղղակի միսն էժանացել է այն պատճառով, որ վերջին տարիներին գնողականությունը քչացել է: Ամեն տարի էլ ներկրվել է միս, խնդիրը դա չէ»:

Ըստ նրա՝ եթե գյուղնախարարությունը ցույց է տալիս վերջին երեք տարում 60 000 խոշոր եղջերավորների գլխաքանակի աճ, ուրեմն գոնե դրանց 35%-ն այսօր կթու կովեր պետք է լինեին: «Բայց ես զարմանում եմ, որ կաթի փոշին մենակ անցած տարվա համեմատ 50 տոննա ավել է ներկրվել, ինչը մոտ 2 մլն դրամ արժե: Թվերը շատ լավ են նկարում, բայց թող տեսնեն ներկրումներն ինչ թվեր են, գուցե այդ ցուցանիշերը չհամընկնեն»,- եզրափակեց նա: 

Նույն շարքից