Տնտեսություն 

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը ևս 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետում

Արմավիրից Սարդարապատի հուշահամալիր տանող միջպետական (Մ-5)ավտոճանապարհի 43,8-ից մինչև 53,2 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Տարիներ ի վեր չվերանորոգված, քայքայված ճանապարհն ամբողջովին վերականգնվել է։
Շինարարությունն իրականացնող «Կապավոր» և «Արարատճանշին» ընկերությունների աշխատակիցների շուրջօրյա, արդյունավետ աշխատանքի շնորհիվ դեռևս ապրիլի կեսերին մեկնարկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր եղավ ավարտել ժամկետից շուտ՝ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունից օրեր առաջ։
Ճանապարհի հիմնանորոգման ընթացքը մշտապես գտնվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Պարբերաբար շինտեղամասեր կատարած այցերի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ՝ ճանապարհն արագ և որակով կառուցելու համար։
Այս ճանապարհի հիմնանորոգմանը երկար են սպասել նաև ճանապարհամերձ համայնքների բնակիչները։ Նրանք գոհ են շինարարների աշխատանքից։ Բացի պայմանագրով նախատեսվածից, գյուղացիների խնդրանքով  բարեկարգվել են նաև գյուղամիջյան մի շարք ճանապարհներ:
Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ շինարարներն աշխատել են օր ու գիշեր։ Նախագծից դուրս ասֆալտապատել են նաև  դեպի դպրոց և եկեղեցի տանող ճանապարհները։
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, սակայն, գործն այստեղ չի ավարտվել։ Հերթական շրջայցի ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները տվել են հիմնանորոգված ճանապարհի գնահատականը։
Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ղեկավար Դավիթ Հովսեփյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական բոլոր նորմերին համապատասխան։ Անցել են լաբորատոր փորձարկումները։ Ե՛վ որակական, և՛ հարթության տեսանկյունից բոլոր փորձարկումները համապատասխանում են սահմանված չափանիշներին։
Մայիսի 28-ի տոնակատարության ընթացքում, զինտեխնիկայի տեղաշարժի հետևանքով որոշ հատվածներում ասֆալտը վնասվել է։  Գնահատելով վնասված հատվածները՝ Դավիթ Հովսեփյանը նշեց, որ այն չնչին ծավալ է կազմում,  և շատ կարճ ժամանակահատվածում շինարարները կվերականգնեն։
Հիմնանորոգման արդյունքում 9.8 կմ ընդհանուր երկարությամբ մոտ 19մ լայնությամբ ճանապարհն ասֆալտապատվել է։ Փռվել է նախ 3 սմ հաստությամբ հարթեցնող շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին շերտը։
Հիմնանորոգումից հետո  ևս 3 տարի ճանապարհը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։ Այդ ընթացքում թերություններ ի հայտ գալու դեպքում ճանապարհաշինարարներն իրենց միջոցներով կվերացնեն դրանք։
  • 96
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    96
    Shares

Related Articles