Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ

analitik.am

Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։

Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, նշել չափազանց կարևոր շրջափուլում համատեղ աշխատելու կարևորությունը և հակիրճ ներկայացրել ամերիկյան կողմի հետ փոխգործակցության ընթացքը։

«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք», - իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է  հայտնել հանդիպման և աշխատանքների ներկայացման համար՝ շնորհավորելով  նախարարին․ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Պատրաստ եմ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է», - նշել է դեսպանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր  գոհունակությունն է  հայտնել, նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։

Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։

 

Նույն շարքից