Տնտեսություն 

«Կռուտիտն» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի քաղաքացիների հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Խորհրդարանի արտահերթ նիստում կրքերը թեժանում են: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ շենքի մոտ շարունակվում է բողոքի ակցիան` ընդդեմ Գազի վերաբերյալ համաձայնագրերի վավերացման: Նրա խոսքով՝ տասից ավելի մարդու արդեն ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: «Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել նրանց եւ թույլ տալ իրականացնել Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքը»,- ընդգծել է պատգամավորը:


Դիմելով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին` Ն.Փաշինյանն ասել է. «Խորհրդարանական լսումների ժամանակ, անդրադառնալով գազի գնի բարձրացումը գաղտնի պահելու փաստին, Դուք ասացիք` ո՞վ էր հարցրել, որ չենք ասել, հարցրել են փետրվարի 17-ին` լրագրողները` Ձեր ասուլիսում, մայիսի 23-ին` ես եմ հարցրել, երկու դեպքում էլ դուք հերքել եք այդ փաստը: Եթե լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձեւը, բայց «կռուտիտն» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի քաղաքացիների եւ ԱԺ պատգամավորների հետ: Ես ձեզ հարց չունեմ, որովհետեւ չեմ կարծում, որ դուք իրականության մոտ պատասխան կտաք»,- ասել է Փաշինյանը եւ հավելել,- «Դուք, որպես նախարար, այստեղ կանգնած չպետք է լինեիք, որովհետեւ Սերժ Սարգսյանը խոսել էր 7 տոկոս տնտեսական աճի մասին, իսկ ձեր կառավարությունը հազիվ ապահովելու է չորս տոկոս: Սա փաստում է, որ Ձեր կառավարությունը դուրս է եկել նաեւ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»:


Էներգետիկայի նախարարը չի պատասխանել Փաշինյանի դիտողությանը:

Նույն շարքից