Հիշում եմ և պահանջում 

Վատիկանի թանգարանում գտնվող միջնադարյան հայկական խաչքարի պատմությունը. իտալական լրատվամիջոցի անդրադարձը (տեսանյութ)

Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այս վայրը՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար, ասվում է Rome Reports-ի պատրաստած ռեպորտաժում:


 

Ուխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Իրականում անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների համար:

 


«Այս տան համար պատասխանատու քահանան քարից պատրաստված խաչ է դրել մուտքի մոտ: Դա ավանդական հայկական նախշերով խաչ էր»,- ասում է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը:

 


Այժմ այս խաչը գտնվում է Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում: Չնայած նրան, որ հյուրատունը փակվել է և ամեն ինչ անհետացել, հարյուրավոր տարիներ անց այդ խաչը կրկին հայտնվել է: 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկում է եղել այդ խաչի բացման արարողության ժամանակ:

 


«Բացի հայերեն գրությունից՝ կար նաև լատիներեն արտահայտություն, որտեղ նշված էր. «Այս խաչն օծվել է»»,- պատմում է Միքայել Մինասյանը:

 

Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես, որ այս խաչը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության մասին:


 

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ:

 


«Այս խաչը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրիմի առաջ:  Այժմ Խաչը վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններ: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,- ասում է նա:


 

Քարը թվագրված է 1246 թվականին և ցուցադրված է Pope Urban VII ցուցասրահում, որը գտնվում է Սիքստինյան կապելայից կարճ հեռավորության վրա:

Նույն շարքից