Հայաստանի արտաքին քաղաքական տատանումները թուլացրել են Ռուսաստանի վստահությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու մասին համաձայնագրի քննարկումների ժամանակ: Նա զարմանք է հայտնել, որ ռուսական կողմը չի համաձայնում Հայաստանին զիջել գազի 150 միլիոն պարտքը՝ այլ երկրներին միլիարդներ ներելով:
«Ամենայն հավանականությամբ, այստեղ հարցը 150 միլիոն դոլարը չէ: Վեճն ավելի շատ քաղաքական է: Հայաստանի քաղաքական դաշտում երկու ճամբար կա. ռուսամետ և արևմտամետ (ես ոչ մեկին էլ չեմ հարում): Արևմտամետ ճամբարը կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը: Իսկ ռուսամետը կարծում է, թե Ռուսաստանն օգնում է Հայաստանին՝ դաշնակցային շահերից ելնելով: Այս երկու կարծիքներն այնքան էլ ճիշտ չեն: Իրականում Ռուսաստանը ցանկանում է կանխատեսելի դաշնակցի տեսնել: Իսկ Հայաստանը կանխատեսելի չի կարելի անվանել», - հայտարարել է Մարգարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վստահությունը չէր կարող չնվազել, եթե տարիներով բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՄՄ-ն Հայաստանը կզրկի ինքիշխանությունից, և որ պատրաստվում են Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Իսկ դրանից հետո ՄՄ-ին անդամակցելու որոշում էր կայացվել: «Մենք եւ Եվրոպային, եւ Ռուսաստանին ցույց տվեցինք, որ կանխատեսելի պետություն չենք:
Եվ Ռուսաստանի հետ պայմանագիրն ու նրա պահանջկոտությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում», – հայտարարել է Մարգարյանը: Ըստ նրա՝ ինքը չի մասնակցի այդ համաձայնագրերի վավերացմանը:
Նշենք, որ քննարկումներին զուգահեռ, խորհրդարանի շենքի առաջ բողոքի ցույց է տեղի ունենում: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ ստորագրվող գազային համաձայնագրերի պատճառով Հայաստանը մինչեւ 2043թ. կհայտնվի «Գազպրոմից» լիակատար կախվածության մեջ՝ նոր օրենքներ ընդունելու կամ եղած համաձայնագրում փոփոխություններ կատարելու իրավունք չունենալով: