Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գտնում է, որ Կապանի օդանավակայանը շահագործելը մարզում զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն պայման է: «Օդանավակայանը կարող է համարվել որպես այլընտրանքային հնարավորություն, կարծում ենք, որ դա կարևորագույն պայման է»,-ասաց նա:
Նախնական հաշվարկներով 800 մլն դրամ է անհրաժեշտ այն շահագործելու համար, որը, ըստ մարզպետի, պայմանական թիվ է, կոնկրետ հաշվարկ գոյություն չունի: «Առաջին հերթին նախատեսում ենք, որ օդանավակայանը մարդատար ավիափոխադրումներ կիրականացնի, որպեսզի կարողանանք այլընտրանքային հնարավորություն ստեղծել: Այն նաև մրցակցության էլեմենտներ է իր մեջ պարունակում»,-ասաց Վահե Հակոբյանը:
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով Երևան-Կապան, Կապան-Իրան ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնելուն, մարզպետը նկատեց, որ այսօր օդանավակայանի հնարավորությունները դեռ չեն ներում, որ բեռնափոխադրումներ իրականացվեն: Մարզպետն առայժմ չի կարող ասել այն որպես բեռնատար օդանավակայան կարո՞ղ է աշխատել, թե ոչ. «Ուղևորների համար Ա և Բ կարգի ինքնաթիռներ են պետք, եթե լինեն փոքր բեռնատար ինքնաթիռներ, միգուցե հետո բիզնեսի համար կիրառվեն, ինչո՞ւ չէ»:
Օդանավակայանի գործարկման ֆինանսավորման մասին Վահե Հակոբյանն ասաց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը չի ֆինանսավորելու, հնարավոր է Կառավարությունը 2014թ.-ին որպես գերակայություն ճանաչի Ստեփանակերտի և Կապանի օդանավակայանների խնդիրը, բայց ֆինանսավորման մեխանիզմների մասին դեռևս քննարկում չի եղել: «Բանավոր քննարկումներ ունեցել ենք, բայց կոնկրետ առարկայական որոշակի պայմանագիր կամ ինչ-որ ձևաչափ դեռևս ընտրված չեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն ուսումնասիրել են տեխնիկական սխեմաները և թռիչքների ֆինանսական բաղադրիչը, թե ինչ գնի սահմաններում կարելի է թռիչքներ իրականացնել, և երբ արդեն կառավարությունը գերակայություն սահմանի, 2014թ.-ին փորձելու են առավելագույնս լուծումները գտնել:
Մարզպետը նաև ընդգծեց, որ օդանավակայանի վերագործարկումը կապ չունի Սյունիքում իրականացվելիք ոչխարաբուծության ծրագրի հետ: «Մարզում բազմաթիվ պիլոտային ծրագրեր ենք փորձում իրականացնել, ինչպես նաև 2014-17թ.-երի զարգացման ծրագիր ունենք, թե որն ինչպես կստացվի, այս պահին չեմ կարող ասել, ուղղակի որպես պետություն, մենք պետք է ներդրումային միջավայրն ապահովենք, որպեսզի բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն»,-ասաց նա: