Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Օլիմպավանում», ասաց, որ չի կարող ասել, քանի որ ինքն այնտեղ չի եղել:
Հիշեցնենք, որ Վյաչիսլավ Հարությունով անունով քաղաքացին օրեր առաջ Գագիկ Ծառուկյանին և վերջինիս անվտանգության պետին՝ Էդուարդ Բաբայանին մեղադրեց իրեն ծեծի ենթարկելու մեջ: Սակայն հենց հաջորդ օրը նա հայտարարեց, որ լավ, ընկերական հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ, իսկ կինը հայտնեց, որ ոչ մի ծեծ էլ չի եղել, ամուսինը վնասվածքներ ստացել է սայթաքել ընկնելու արդյունքում, ինչին սակայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի հավատում:
Արթուր Գևորգյանի խոսքերով, գործն իրավաբանների հսկողության տակ է, և երբ ամեն ինչ պարզվի, նրանք հայտարարություն կանեն. «Երևույթը տգեղ է»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Հարությունովի որդին, ով բռնցքամարտիկ է, չի մասնակցում մրցումներին, Գևորգյանն ասաց, որ իր տեղեկություններով, վերջինս բանակային տարիքում է, գտնվում է Ռուսստանում, իսկ եթե Հայաստան վերադառնա, պետք է զորակոչվի. «Ես գտնում եմ, որ պետք է ծառայի: Եթե աշխարհի չեմպիոնը չծառայի, ո՞վ պետք է ծառայի: Եթե մարզիկը չծառայի, ո՞վ պետք է ծառայի: Քանի դեռ դու արդյունքներ ես ցույց տալիս, կարելի է չծառայել, սակայն եթե խաղից դուրս ես եկել, պետք է ծառայես»: