Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 522 միլիոն դրամի (42 միլիոն դոլար) վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր ցուցանիշ է, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն՝ հավելելով, որ սա 1,5 ամսվա ցուցանիշ է:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հերթին հայտարարեց, որ խոսքը վերաբերում է ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և Ոստիկանության համատեղ աշխատանքում ի հայտ եկած գումարին՝ նշելով, որ սա հավաքական աշխատանքի արդյունք է և հավելելով, որ գումարն ամեն օր փոխվում է՝ ավելանում է:
Վարչապետը նաև հայտարարեց, որ այս գումարը չի վերաբերում ապօրինի հարստացումների, յուրացումների և այլնի հետ կապված գործերին, որտեղ ևս լրջագույն գումարներ են վերականգնվելու: