Տնտեսություն 

Մաքսային միությունը զրոյացրել է էլեկտրամոբիլների ներկրման տուրքերը

analitik.am

Եվրասիական տնտեսակայն հանձնաժողովի(ԵՏՀ) խորհուրդը հաստատել է Մաքսային միության անդամ երկրներ(Ռուսաստան, Ղազախստան եւ Բելառուս) ներկրվող մարդատար էլեկրամոբիլների 19 տոկոսանոց տուրքի ժամանակավոր զրոյացումը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովին:


Հաղորդում  են, որ ներմուծման զրոյական տուրքը կգործի 2014թ. փետրվարի մեկից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը:


«Զրոյացումը վերաբերում է մինչեւ 9 նստատեղ ունեցող մարդատար էլեկտրամոբիլներին եւ չի վերաբերում «հիբրիդային» շարժիչ ունեցող մեքենաներին»,-նշել է Սլեպնյովը:


Նախարարի խոսքով՝ տուրքի ժամանակավոր զրոյացումը պետք է նպաստի էլեկտրամոբիլների պահանջարին և զարգացնի դրանց ենթակառույցը:


«2014թ. երկրորդ կեսին ԵՏՀ խորհրդում կքննարկենք տեխնիկայի տվյալ տեսակի արտադրության հարցը Մաքսային միության տարածքում: Այսօր նման առաջարկ դեռ չկա, սակայն շահերն ակնհայտ են եւ առաջին հերթին բնապահպանության տեսանկյունից»,- նշել է նա:


Սլեպնյովը հավելել է, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայրենական արտադրության մեքենաների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Ռուսաստանի արդյունաբերական առեւտրի նախարարության հաշվարկների համաձայն՝ սա թույլ կտա ավելացնել էլեկտրամոբիլների ներկրումը նվազագույնը տարեկան 500 հատով (այս պահին այդ թիվը կազմում է տարեկան 50 մեքենա) եւ այդ կերպ կնպաստի  տրանսպորտի այդ տեսակի ենթակառույցի ստեղծմանը:


Ներմուծման տուրքերի չեղյալ համարումը էլեկտրամոբիլի արժեքը կմոտեցնի սովորական շարժիչով մեքենաների արժեքին, ինչպես նաեւ կարագացնի Ռուսաստանում տրանսպորտի այդ միջողի շուկայի ձեւավորման գործընթացը: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2020թ. ՌԴ-ում տարեկան կվաճառեն ավելի քան 200 հազար էլեկտրամոբիլ:

Նույն շարքից