Տնտեսություն 

Գազալցակայանների պատասխանը՝ ՊԵԿ-ին

ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից  2018 թվականի հուլիսի 4-ին «Ֆակել» , «Նախշին» , «Ավտո Գազ», «Արզնի Գազ»  և «Գազ գրուպ» ՍՊԸ-ների  նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ։

Որպես քրեական գործերի հարուցման հիմք նշվել է, որ ընկերություններին պատկանող գազալցակայաններում իրականացվել է չափագրման ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է գազալցակայանների միջին օրական լիցքավորումների քանակը, դրանցով կատարվել է պարտավորությունների նախնական հաշվարկ, որի համաձայն իբր հաստատվել է այն հիմնավոր կասկածների առկայությունը, ըստ որոնց ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել ակցիզային հարկ և ԱԱՀ։

Փաստացի, ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ և փաստարկներ, որոնք որևէ եզր չեն կարող ունենալ արդարադատության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ։

Եթե ենթադրենք, որ ՊԵԿ-ի աշխատակիցները, 2018թ հունիս ամսվա երկու օրվա չափագրումից պարզել են, որ չափագրման արդյունքում արձանագրված գազի վաճառքի ծավալները ավելի են 2016-2017թթ. նույն կամ բոլոր ժամանակահատվածների համեմատ, ապա դա չէր կարող դրվել քրեական գործ հարուցելու հիմքում, քանի որ 2016-2018թթ. ընթացքում գազի սպառման ծավալների ավելացման վրա կարող են ազդեցություն ունենալ մի շարք էական գործոններ, որոնք քննությունն իրականացնող մարմնի կողմից ոչ պարզվել են, առավել ևս՝ կիրառվել: Տնտեսագիտական տարրական իմացությամբ  կարելի է փաստել, որ գազալցակայանի իրացման ծավալների բնական աճը կարող է տեղի ունենալ, օրինակ, լիցքավորման սարքերի քանակի ավելացումից, սեզոնից, շրջակայքում գործող այլ գազալցակայանների հետ մրցակցային դաշտի փոփոխություններից, ավտոմեքենաների քանակի աճից և այլն:

Իսկ եթե վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել ինչ-որ սուբյեկտիվ գործոններ, ապա խուզարկություններ իրականացնելու մասին միջնորդությունները դատարան ներկայացնելու ժամանակ առնվազն կնշեին այդ փաստական հանգամանքների մասին և առնվազն կհիմնավորեին խուզարկություն իրականացնելու նպատակները և խուզարկության ընթացքում հայտնաբերվելիք ակնկալվող տեղեկատվությունը՝ անհարմար վիճակում չդնելով դատարանին:

Ավելին, քրեական գործ հարուցելուց և անհիմն հայտարարություններ անելուց հետո խուճապահար եղած չէին շտապի տարբեր ընկերություններից և ոլորտից տեղյակ այլ անձանցից, այսպես ասած, «օպերատիվ» հարցուփորձ անել գազալցակայանների աշխատանքի մասին և փորձել գոնե դրանից հետո փրկել իրադրությունը:

Այդուհանդերձ, քրեական գործերի հարուցման հիմքերում դրվել են անհեթեթ փաստեր, որոնց նպատակն է միջամտել ընկերությունների գործունեություններին, խաթարել նրանց բնականոն աշխատանքները և փորձել հարուցված քրեական գործերի շրջանակներում իշխանական լծակների ազդեցությամբ հանրությանը ցույց տալ, թե իբր ընկերությունների նկատմամբ իրականացվում եմ «պատժիչ գործողություններ» և դրանց արդյունքում ստեղծել պատրանքներ՝ թե ՀՀ պետական բյուջե են վերականգվում հարյուր միլիոնավոր դրամներ։

Հարկ ենք համարում նշել նաև, որ խուզարկությունների արդյունքում Ընկերություններից առգրավել են իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգիչները, որոնց միջոցով իրականացվում են մեքենաների գազալցման աշխատանքները։ Ավելին, Ընկերությունների կողմից առաջարկվել էր նշված համակարգիչներում առկա տեղեկությունները էլեկտրոնային կրիչի միջոցով արտահանել և օգտագործել որպես քրեական գործերի նյութեր, սակայն դա չի կատարվել ՊԵԿ աշխատակիցների կողմից և վերջիններս ամբողջությամբ առգրավել են Ընկերությունների համակարգիչները՝ զրկելով վերջիններիս իրականացնել իրենց գործունեությունը։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ Ընկերությունների նկատմամբ անհեթեթ հիմնավորմամբ քրեական գործերի հարուցման և անհիմն ինչ-որ «նախնական հաշվարկների» հիման վրա աստղբաշխական թվեր և հայտնի անուններ հնչեցնելը  նպատակ է հետապնդում ոչ միայն խաթարել ընկերությունների բնականոն գործունեությունը, այլև արատավորել ինչպես ընկերության, այնպես էլ դրանց հետ իբր փոխկապակցված անձանց անունն ու  բարի համբավը։

Քննությունն իրականացնող մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ նման գործելաոճից, որը նմանվում է մութ սենյակում սև կատու բռնելու ապարդյուն ջանքերին, մանավանդ որ կատուն այնտեղ չէ: Այլապես ստիպված կլինենք վերականգնել  նշված անօրինականությունների հետևանքով Ընկերություններին և անձանց հասցված բոլոր տեսակի վնասները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ , «Արզնի Գազ» ՍՊԸ  և «Գազ գրուպ» ՍՊԸ   ներկայացուցիչ, փաստաբան  Արմեն Անդրիկյան

 

  • 5
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
    8
    Shares

Related Articles