Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018 թվականի բասկետբոլի «Երևանի ոսկե զամբյուղ» կոչվող մրցաշարում մի քանի օր շարունակվող հանդիպումներում հաղթողի կոչումն էին միմյանց միջև որոշում մայրաքաղաքի վարչական շրջանների պատանի բասկետբոլիստները: Կայացած խաղերի արդյունքներով, եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Ավան վարչական շրջանների թիմերը: Ավելի հաջող են հանդես եկել շենգավիթցի բասկետբոլիստները, ովքեր էլ դարձել են այս մարզաձևի մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար պայքարում ուժերն են չափել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիմերը: Այստեղ էլ հաղթել են Կենտրոն վարչական շրջանի բասկետբոլիստները, որոնք նույնպես արժանացել են մեդալների և պատվոգրերի:
Մարզական այս փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն