Տնտեսություն 

Գազային համաձայնագիրը, միանշանակ, գրել են ռուսները. հայերն անգամ չեն ուղղել այն

analitik.am

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ամփոփելով անցնող տարին, նշում է, որ մի խնդիրը չլուծված՝ հասարակությունն անցնում է մյուս խնդրին. կուտակային կենսաթոշակ, տրանսպորտի գին, գենդեր, գազային համաձայնագիր: 

«Այն, միանշանակ, գրել են ռուսները, հայ չինովնիկն անգամ այդ լեզվին չի տիրապետում, անգամ գրիչը չի վերցրել՝ ուղղելու այն: Նման համաձայնագիրը չեն ստորագրում: Ես, Մաքսային միության կողմնակից լինելով, չեմ կարծում` պիտի հասնենք այն աստիճանի, որ նման համաձայնագիր ստորագրենք: Կարծում եմ՝ պետք է դատի տալ այն նախարարությանը, որ նման բանակցություններ է վարել: Սա քրեական հանցագործություն է: Եթե երեք տարում այդքան պարտք է կուտակվել, նշանակում է՝ հատուկ են արել»,- ասաց նա՝ հավելելով, որ մեզ ասում են՝ բանակցում էինք, դրա համար դետալները չէինք ներկայացնում, սակայն չէ՞ որ բանակցությունների ժամանակ չի որոշվում գինը, այլ՝ արդյունքում: 

Սարգսյանի խոսքով՝ տարին շատ հակասական արդյունքներով ենք ամփոփում, և այսպես շարունակել հնարավոր չէ. կա՛մ կառավարությունը պիտի հրաժարական տա, կա՛մ դատախազությունը քրգործ հարուցի: 

Դեմկուսի նախագահը նկատեց. մեզ նման պետությունները, որոնք փորձել և մտել են ԵՄ կազմի մեջ, հիմա վախենում են մտնել եվրոյի գոտի, քանի որ միանգամից երկու անգամ գները բարձրանում են, և արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը դառնում են անմրցունակ: «Ես չեմ ասում, այդ երկրներն են փաստում, այնպես որ Եվրոպային ինտեգրվելու այս պրոցեսը ներկայացնել որպես դրախտային, կարծում եմ, պետք չէ, պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը: 

ՀՀ-ում կուտակային հիմնադրամի հետ կապված՝ ստացվում է հետևյալ իրավիճակը. ԱՄՆ-ը շահագրգռված է, որ այդ համակարգը գործի, Եվրոպան պարտադրում է գենդերի օրենքը, Ռուսաստանն էլ «Գազպրոմի» այս պայմանագիրը… Եվ պետք է հասկանալ՝ ի վերջո մենք պետականությո՞ւն ենք ստեղծում, թե՞ խամաճիկ մի բան»,- ասաց նա:

Նույն շարքից