Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի եւ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիեւի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարանում է Հայաստանի համար թերագնահատել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, քանի որ դա ոչ միայն հարաբերություններ է ֆինանսական ոլորտում, այլեւ ճիշտ բիզնես մշակույթի ձեւավորման երաշխիք եւ մարդկային կապիտալի վրա բացարձակ դրական ազդեցություն ունեցող գործոն: Ըստ փոխվարչապետի՝ տնտեսությունը զարգացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձեւավորել նշանակում է նաեւ հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործացկությունը խորացնելու եւ ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիեւը համակարծիք է եղել փոխվարչապետի հետ, որ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերությունն ունի մեծ կարեւորություն եւ հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի: ՎԶԵԲ ներկայացուցիչները վստահեցրել են, որ, օգտագործելով այլ երկրներում իրենց ունեցած փորձը, պատրաստ են աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մասնավորապես ներդրումային միջավայրը բարելավելու տեսանկյունից: Նրանց համոզմամբ՝ ՎԶԵԲ-ը մեծ ուշադրություն է հատկացնում այն բարեփոխումներին, որոնք միտված են բարելավելու երկրի ընդհանուր տնտեսական համակարգը, այսինքն՝ ապահովելու թափանցիկությունն ու խթանելու բաց շուկայական հարաբերությունները:
ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին եւ այդ առումով տպավորիչ համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները, նոր կառավարության առաջնահերթություններն ու իրականացվելիք բարեփոխումները, անդրադարձել զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի զարգացման ներուժին: