Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանն այցելել է «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերություն

analitik.am

Հուլիսի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերություն։

Նախարարին ուղեկցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։

Տեղի է ունեցել հանդիպում «ՎիԷմՈւեր» ընկերության ավագ փոխնախագահ, բիզնեսի ամպային կառավարման ստորաբաժանման գլխավոր ղեկավար Աջայ Սինխի և Հայաստանում «ՎիԷմՈւեր» ընկերության մասնաճյուղի ղեկավարության հետ:

Արծվիկ Մինասյանը ողջունել է Հայաստանում «ՎիԷմՈւեր» ընկերության գործունեությունը և կարևորել այն հանգամանքը, որ աշխատակիցների թիվը տարեցտարի ավելացել է: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՎիԷմՈւեր» ընկերության հետ հետագա համագործակցության հնարավորությունները:

«ՎիԷմՈւեր» ընկերությունը Հայաստանում գործում է 2011 թվականից: Գործունեության սկզբնական շրջանում ունեցել է 16 աշխատակից, այսօր աշխատակիցների թիվը 120 է, իսկ մինչև 2018 թվականի ավարտը նախատեսում է այն հասցնել 140-ի:

Համառոտ տեղեկանք «ՎիԷմՈւեր» ընկերության վերաբերյալ

«VMware» ընկերությունը «Dell Technologies» ընկերության մասնաճյուղն է, որը տրամադրում է ամպային լուծումներ և պլատֆորմի վիրտուալացման ծրագրային ապահովում ու ծառայություններ: Ընկերության շուկայական կապիտալը կազմում է ավելի քան 60 մլրդ դոլար: «VMware»-ը հանդիսանում է ամպային ենթակառուցվածքների ոլորտում բիզնես լուծումներ առաջադրող գլոբալ առաջատարներից մեկը: 2017 թվականին ընկերության եկամուտը կազմել է 8 մլրդ ԱՄՆ դոլար, հաճախորդների թիվը` 500000, գործընկերների թիվը` ավելի քան 75000, աշխատողների թիվը` ավելի քան 20000 աշխարհի ավելի քան 120 երկրներում:
«VMware»-ը Հայաստանում հիմնել է իր մասնաճյուղը 2011թ.-ին` 100 մլն ԱՄՆ դոլարով ձեռք բերելով ՏՏ վերլուծական «Integrien» սկսնակ ընկերությունը, որի ինժեներական թիմը գործում էր Հայաստանում: «Integrien»-ի ձեռքբերմամբ «VMware»-ն ընդլայնել է իր կարողությունները` առաջարկելով ավտոմատացման և ամպային ենթակառուցվածքների ու վիրտուալացված հավելվածների սպասարկման վերահսկողության նոր մակարդակ: «VMware Հայաստան»-ը /«VMware Արևելյան Եվրոպա» ՍՊԸ/ «VMware Cloud Management Business Unit»-ի մի մասն է:  

Նույն շարքից