Տնտեսություն 

Գյուղատնտեսական տարին հաջողված էր, բարենպաստ և բերքառատ

2013-ը գյուղատնտեսության համար կարելի է համարել հաջողված, բարենպաստ, արդյունավետ և բերքառատ. այսօր գյուղատնտեսական տարվա ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ու նշեց, որ ամբողջությամբ կարողացել են իրականացնել Կառավարության կողմից ոլորտի առաջ դրված բոլոր ծրագրերը և ապահովել տնտեսական աճ։

«Այս տարվա ընթացքում գյուղատնտեսությունում տնտեսվարողների ջանքերի շնորհիվ և պետական քաղաքականության արդյունքում ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր»,- ասաց նախարարն ու հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը համարվել է գերակա ճյուղ, և այդ ուղղությամբ կատարվել են պետական օժանդակության անհրաժեշտ ծրագրեր՝ վարկերի սուբսիդավորում՝ 50 մլրդ դրամի, համայնքների գյուղռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր և այլն։

Սերգո Կարապետյանը մանրամասնեց, որ ընթացիկ տարվա ընթացքում հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857,4 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6,1%-ով։

«Միայն այս տարի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 14 հազ. հա-ով։ Աննախադեպ ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները, նաև անասնագլխաքանակն է ավելացել, որն էլ ապահովել է անասնապահական մթերքների համախառն արտադրության 7%-ով գերազանցումը՝ նախորդ տարվա 3,2%-ի դիմաց»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ հաջողությամբ իրականացվել են գյուղատնտեսությունում տնտեսվարողներին աջակցության մի շարք ծրագրեր, ընդլայնվել են հումք արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունները, նաև գյուղատնտեսական տեխնիկաների հագեցվածություն են ապահովվել՝ այն էլ մեծ ծավալներով։

Նախարարը խոստացավ, որ հաջորդ տարի արդեն ամբողջությամբ տրակտորների և գյուղտեխնիկայի խնդիրը կլուծեն և առաջիկայում արդեն կներկրվեն նաև համապատասխան պահանջը բավարարելու համար կոմբայններ։

Ըստ նախարարի ՝ ավելացել են նաև մթերման ծավալները և վճարումները հիմնականում ավարտված են՝ մեծ մասը հենց մթերման ժամանակ, և եթե նախորդ տարի 26, 5 մլրդ դրամ է կազմել, ապա այս տարի կազմել է 31,2 մլրդ դրամ։ Լուրջ առաջընթաց է գրանցվել նաև գյուղմթերքների արտահանման առումով՝ 36%-ով և 63 հազարից ավելի տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել։

Նույն շարքից