Տնտեսություն 

ՀՀՇ նախագահը 2013 թվականի համար առանձնացրեց թոփ 13 ձախողում

ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ամփոփելով 2013 թվականը, առանձնացրեց թոփ  13 ձախողում: Այս մասին նա ասա այսօր` դեկտեմբերի  25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Մանուկյանը ձախողումներն սկսեց ՏԻՄ եւ նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներից, ապա անցում կատարեց տաքսիստների հետ կապված զարգացումներին, Երեւանում կարմիր գծանշումների պատմությանը: Դրան հաջորդում էր մասնավորի գնացող  կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը: «Հաջորդը թոփ առումով գազի գինն է եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի օտարումը: Դա ամենամեծ քյալլագյոզությունն էր: Ես հակված եմ կարծելու, որ սա լուրջ քրեական գործ է եւ դեռ շատ ջուր է քաշելու»,- նշեց Արամ Մանուկյանը:


Մյուս սկանդալը, ըստ նրա, Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն է, որը ցնցեց ամբողջ աշխարհը եւ առայսօր կախված է օդում: «Մյուսը Հայաստանում համատարած կոռուպցիան է, որը քայքայում է մեր երկիրը, որի արդյունքում մեր երկիրը ցեց ընկած, կարկատված տեսք ունի: Արտաքին ձախողումներից, ինչպես ասացի, սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր, Ռուսաստանի հետ հարաբերությունները բերելով այն վիճակի, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենավատն են, քան երբեւէ եղել են եւ Իրանի հետ հարաբերությունների խզումը»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:


Խոսելով վերջին երկու «քյալլագյոզություններից, նա ասաց, որ դա հայոց լեզվի նկատամբ խայտառակ վերաբերմունքն է, որն արտահայտվել է նաեւ ԿԳ նախարարի ելույթներում: Իսկ ամենասարսափելին, ըստ նրա, արտագաղթն է, որն ահռելի տեմպերի է հասել:


Որպես 2013-ի հաջողություն, Արամ Մանուկյանն առանձնացրեց ԱԺ-ում չորս խմբակցությունների համատեղ աշխատանքը, որի արդյունքում առաջին անգամ թույլ չեն տվել, որ իշխանությունն իր քվեարկությունն անցկացնի: ՀՀՇ նախագահը հաջողություն է համարում նաեւ լրագրողների ակցիան ԱԺ-ում:


Նա միաժամանակ կարեւորեց, որ քաղաքացիական եւ քաղաքական ուժերը տարին ամփոփում են վստահության առումով դինամիկայի բարձրացմամբ, եւ կարծիք հայտնեց, որ մյուս տարի այն ավելի կբարձրանա: «Իսկ Սերժ Սարգսյանի վիճակը ծայրահեղ վատ է: Դրսից փող չեն տալիս, ներսից չի կարողանում հավաքել: Իսկ ինքը առանց փողի ապրել չի կարող»,- նշեց Արամ Մանուկյանը:

Նույն շարքից