Տնտեսություն 

Խիստ կարևոր եմ համարում գյուղական համայնքներում կրթական ոլորտի մասնագետների ներգրավումը. Սուրեն Պապիկյան

analitik.am

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև կազմակերպության գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը և զարգացման տնօրեն Արթուր Մարտիրոսյանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուները նախարարին են ներկայացրել կազմակերպության գործունեությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել համայնքներում ուսուցիչների թվի պակասի և մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ և միաժամանակ տեղեկացրել, որ կազմակերպությունը փորձում է ակտիվորեն ներգրավել բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների՝ գյուղական համայնքներում որպես ուսուցիչ աշխատելու համար։

Զրույցի ընթացքում ծրագրի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը նշել է, որ երկամյա դասավանդմանը զուգահեռ երիտասարդները սերտորեն առնչվում են համայնքային խնդիրներին և զարգացնում են իրենց մասնագիտական և առաջնորդական ներուժը, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հետագայում ներգրավվել հանրային կառավարման գործընթացներում։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է կազմակերպության՝ գյուղական համայնքների կրթության որակի բարձրացմանն ուղղված առաքելությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նախաձեռնությանը։ «Ե՛վ որպես կառավարության անդամ, և՛ որպես մանկավարժ՝ խիստ կարևոր եմ համարում գյուղական համայնքներում կրթական ոլորտի մասնագետների ներգրավումը»,-ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գործունեության արդյունքում հնարավոր կլինի փոխել գյուղական համայնքների շատ երեխաների ճակատագրեր և որակապես նոր կրթությամբ նպաստել համայնքների զարգացմանը։

Նույն շարքից