Տնտեսություն 

Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը․ Արթուր Խաչատրյան

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ:

Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:

Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել  է  5,6 կմ ջրագիծ և 3  խմոց, ևս մեկը նորոգվել է։ Ծրագրի նպատակները բխում են ոլորտի առաջնահերթություններից և ուղղված են գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես  ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը:

«Թալինի տարածաշրջանի և առհասարակ մեր գյուղատնտեսության կենսական  խնդիրներից մեկը ջուրն է: Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը, նպաստում, որպեսզի կենդանիների կաթնատվությունը բարձրանա»,-նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներքին Բազմաբերդում խմոցները շահագործման են հանձնվել մայիսին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ գրանցել են կաթնատվության մոտ 20 տոկոս աճ: Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքով, եթե նախկինում գյուղացիները երկմտել են անասնագլխաքանակն ավելացնելու հարցում, ապա այսօր մտածում են նաև այդ ուղղությամբ, որովհետև արոտավայրերն արդեն ջրարբիացված են: Խմոցներից օգտվում է մոտ 1200 խոշոր և մոտ 800 մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանի:

Համայնքների արոտավայրերի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար ծրագրի շրջանակում ստեղծվել  են կոոպերատիվներ:

«Պետք է ստեղծվեն արոտօգտագործող­ների սպառողական կոոպերատիվ­ներ: Իրենց համար կառուցվում են ոչ միայն այս խմոցները, նաև տեխնիկա է տրամադրվում»,-տեղեկացրել է Արթուր Խաչատրյանը:

«Նախկինում հարևան գյուղերից էին գալիս վարուցանք կատարելու: Գնում էինք, խնդրում էինք։ Բայց այս պահին տեխնիկան գյուղում կանգնած է, ցանկացած պահի մենք կարող ենք և մեր հունձն անել, և մեր ցանքը»,-ասել է ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը:

Արոտօգտագործող­ների միավորում սպառողական կոոպերատիվ­ին տրամադրվել է 2 միավոր տրակտոր և 1 միավոր այլ գյուղտեխնիկա: Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 11 միավոր գյուղտեխնիկա: Կոոպերատիվը բաղկացած է 100 տնտեսությունից:

Ընդհանուր առմամբ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են 109 համայնքում: Համայնքային զարգացման ծրագրերում ընդգրկված է շուրջ 285 հազար մարդ կամ շուրջ 65 հազար անասնապահությամբ զբաղվող ընտանիք, ինչպես նաև շուրջ 207 հազար հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի շուրջ 19 տոկոսը և շուրջ 110 հազար պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 17 տոկոս:

Ստուգայցի մասին պատմող տեսանյութը ստորև

Նույն շարքից