Տնտեսություն 

Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթները

analitik.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՓՄՁ ներկայացուցիչների հետ իրականացնում է լայնամասշտաբ քննարկումներ Երևանում և ՀՀ բոլոր համայնքներում՝ ՀՀ հարկային օրենսգրքում առկա ՓՄՁ-ների համար խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով:

Օգոստոսի 3-ին ՀՀ ՏԶՆ նախարարությունում կայացել էր հանդիպում ՓՄՁ-երին սպասարկող հաշվապահական ընկերությունների ղեկավարների, հաշվապահների և հարկային խորհրդատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության համակարգման բաժնի պետ՝ Լորիս Հարությունյանը, վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քննարկմանը ներկայացվել են օրենսգրքում առկա մի շարք խնդրահարույց դրույթներ։ Այն խնդիրների առնչությամբ, որոնք ժամանակի սղության պատճառով չեն ներկայացվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրոնային նամակներով փոխանցելու համար։

Ըստ նախնական պայմանավորվածության, ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող նմանատիպ հանդիպումներից հետո նախարարությունը կամփոփի բիզնեսից եկող խնդիրները և կներկայացնի Հարկային օրենսգրքի փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբին։

Տեղեկացնենք, որ մինչ այս նմանատիպ հանդիպում-քննարկումներ կայացել էին Էջմիածին և Աբովյան քաղաքաներում։

Հանդիպումները շարունակվում են, քննարկումներին մասնակցելու և Ձեր առաջարկները ներկայացնելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։

Նույն շարքից