Տնտեսություն 

Քաղաքացիների բարձրացրած խնդիրներին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. հուլիս ամսին ստացվել է 85 հեռախոսազանգ:

Նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարին զանգարահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Ավշար համայնքի մոտ գտնվող կամուրջը ճկվել է, և ստեղծվել է վթարային իրավիճակ: Հենց նույն օրը նախարարության, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի, Ավշարի համայնքապետարանի և «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը ուսումնասիրել է Հ-8, Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի 37-րդ կիլոմետր հատվածը և բարձրացված հարցին տվել ժամանակավոր լուծում՝ կատարելով փոսալցման աշխատանքներ:

Նախարարության «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից 2-ը վերաբերում էին Գյումրու և Վանաձորի ավտոկայարանների՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին վերջնահաշվարկ չվճարելուն: Խնդիրը բարձրացրած քաղաքացիների հետ կապ է հաստատել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրենությունը և տեղեկացրել, որ կատարվել են աշխատանքից ազատված քաղաքացիների վերջնահաշվարկի մասնակի վճարումներ, ինչը պայմանավորված է ընկերության ֆինանսական վիճակով: Վերջնահաշվարկների ամբողջական վճարման համար միջոցներ ձեռք բերելու համաձայնություն ստանալու նպատակով ընկերությունը դիմել է բաժնետոմսերի սեփականատիրոջը՝ լիազոր պետական մարմնին: Համաձայնություն ստանալուց հետո՝ միջոցների ձեռքբերման դեպքում վերջնահաշվարկները կվճարվեն ամբողջությամբ:

Նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած երկու քաղաքացիների դժգոհության առարկան էլ Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Մեղրի-Երևան երթուղիների սպասարկման վատ որակն էր և գերծանրաբեռնվածությունը: Նախարարության համապատասխան ստորաբաժանումը քաղաքացիներին տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանց ձևավորելու աշխատանքները, ինչի արդյունքում նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքները ապահովել ուղևորահոսքի պահանջներին համապատասխան, տեխնիկապես սարքին և սպասարկման բարձր որակով տրանսպորտային միջոցներով:

Նախարարություն դիմած մեկ այլ քաղաքացու դժգոհությունն էլ առաջացրել էր այն, որ «Beeline» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանման պատճառները պարզելու նպատակով որևէ կերպ չի կարողանում կապ հաստատել ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարներով: Դրանից բացի՝ անպատասխան են մնում նաև իր՝ ընկերության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստով ուղարկված հարցադրումները: Քաղաքացուն տեղեկացրել են, որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` տվյալ խնդրի լուծման իրավասությունը վերապահված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Հունիս ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 76 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 3 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները զանգահարած քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից