Տնտեսություն 

Նախարարի առաջին տեղակալը շրջայց է կատարել «Էներջայզ գլոբալ սերվիսիզ» ընկերությունում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է «Էներջայզ գլոբալ սերվիսիզ» (Energize global services) ընկերություն։

Ամերիկահայ գործարար, ընկերության հիմնադիր տնօրեն Ռիչարդ Բեզջյանի ուղեկցությամբ Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության աշխատանքի ուղղություններին, նրա կողմից մշակված նորարարական մի քանի համակարգերին։

Ունենալով շոշափելի արդյունքներ միջազգային շուկայում` Ռիչարդ Բեզջյանը 2007-ին հիմնել է ընկերություն, որն այսօր Հայաստանում ունի մոտ 250 աշխատակից։ Գրասենյակներ են գործում նաև Բոստոնում ու Սոֆիայում։

«EGS»-ն աշխատում է բանկային համակարգերի ոլորտում` ծրագրային ապահովման ծառայություններ տրամադրելով POS տերմինալների, մոբայլ բանկինգի համակարգերի, էլեկտրոնային դրամապանակների համար և այլն։

Պրոֆեսիոնալ ծրագրավորողների թիմն աշխատում է ծրագրավորման գրեթե բոլոր լեզուներով և ստեղծում ծրագրային լուծումների լայն սպեկտր։

Մատուցված ծառայությունների բարձր որակի հաշվին ընկերությունը ձեռք է բերել միջազգային համբավ ունեցող գործընկեր-հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերից։ Ընկերության ծառայություններից օգտվում են նաև հայկական մի քանի բանկեր։

Այժմ էլ «EGS»-ն աշխատում է թիմի ընդլայնման և նոր լուծումների ստեղծման ուղղությամբ։

Նախարարի առաջին տեղակալը, ծանոթանալով  ընկերության գործունեությանն ու մասշտաբներին, ընդգծեց դրա դերը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ։ Նա նաև հայտնեց կառավարության լիակատար աջակցությունը ընկերության գործունեության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։

Կողմերն անդրադարձան ոլորտի ներկա խնդիրներին ու մարտահրավերներին։ Հակոբ Արշակյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը գերնպատակներից մեկն է, ինչի շուրջ քննարկումների ընթացքում ակնկալվում է ոլորտի խոշոր ընկերությունների մասնակցությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

  • 85
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
    88
    Shares

Related Articles