Նոր տարուց հետո, հունվար-փետրվար ամիսները ավանդաբար Հայաստանում եղել են, այսպես կոչված, գոտիները ձգելու ժամանակ. ամանորյա ծախսերից հետո մարդիկ մի կերպ «փակում են» ամիսը, վճարում կոմունալ ծախսերը:
Ինչպես նկատեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, գոտիները ձգելու ժամանակը Հայաստանում կլոր տարին է:
Տնտեսագիտորեն սա ձևակերպվում է այն պարզ բանաձևում, որ մարդիկ հնարավորություններ չունեն իրենց եկամուտներից խնայողություններ անելու, որովհետև դրանք հիմնականում ծախսվում են սննդի վրա:
«Եվ եթե վերջին տարիների ուսումնասիրություններն ենք նայում, վիճակագրական ծառայության տվյալները, այսպես ասեմ՝ անվանական սպառողական ծախսերը, մեկ տնային տնտեսության հաշվով միջին ամսականը կազմում է 127 000 հազար դրամ, որի 50%-ը գնում է միայն սննդամթերքի վրա»,- ասաց նա:
«Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ ոչ պարենային ապրանքների գնման վրա ծախսվում է ընդամենը 18%-ը»,- ասաց նա՝ նշելով, որ սրան ավելանում են երկարաժամկետ նպատակներ չհետապնդող ծախսեր. կոմունալ ծախսեր, տրանսպորտ, ինտերնետ, որը կազմում է մոտ 30%։ Այսինքն՝ ՀՀ միջին քաղաքացին իր եկամուտների ուղիղ 50 և ավելի տոկոսը ծախսում է սննդամթերքի վրա:
Համեմատության համար նշենք, որ եթե 2011 թվականին ՀՀ քաղաքացիները իրենց եկամուտների 53%-ն են օգտագործել սննդի վրա, ապա աշխարհի տարբեր երկրներում այդ ցուցանիշները մի քանի անգամ ցածր են. օրինակ՝ Լյուքսեմբուրգում դա կազմում է 8.5%, Մեծ Բրիտանիայում՝ 9.1%, Ֆրանսիայում՝14%, Ռուսաստանում՝ 30%, Մոլդովայում՝ 42%, Ղազախստանում՝ 44%, Ուկրաինայում՝ 51%:
Այսինքն՝ մարդիկ աշխատում են ու իրենց եկամուտների 50, 30 , 8, 9 տոկոսը ծախսելով սննդի վրա՝ մնացած մասն օգտագործում են որպես ազատ շրջանառու միջոց այն օգտագործելով առօրյա տարբեր հաճույքների վրա՝ կինոթատրոնից մինչև երկարաժամկետ գնումներ՝ կահույք, մեքենա, կենցաղային տեխնիկայի գնումներ, հանգիստ և այլն:
«Իսկ մեզ մոտ, փաստորեն, աշխատում են սննդամթերք հայթայթելու համար: Կենսաբանական գոյատևումն ապահովելու համար»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ, այսուհանդերձ, կա հայկական ֆենոմեն, երբ օրինակ՝ նման սոցիալական պայմաններում մայրաքաղաքի սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա:
«Ես նախկինում էլ առիթ եմ ունեցել ասելու, որ դա, ուղղակի, ընդհանուր պատկերի մեջ է՝ քաղաքի կենտրոնում տեղավորված պատկերն է այդպիսին: Եթե վերցնեք հաշվեք, թե այդ պահին, երբ սրճարանները լիքն են, ամառ և ձմեռ, քանի մարդ է այդ ամեն ինչից օգտվում, կստացվի մոտ 2000 մարդ, ոչ ավել: Հավատացնում եմ»,- ասաց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը ևս մեկ վիճակագրական տվյալ ներկայացրեց: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16 անգամ գերազանցում են ամենաքիչ ապահովված 10% բնակչության եկամուտները: 2011-ին այս ցուցանիշը եղել 14.6 անգամ:
Այսինքն՝ Հայաստանում սոցիալական բևեռացումը գնալով խորանում է՝ աղքատները աղքատանում են, հարուստները՝ հարստանում:
Վահագն Խաչատրյանը, արձանագրելով, որ մարդիկ Հայաստանում աշխատում են սոսկ իրենց և ընտանիքի անդամների համար հացի խնդիր լուծելու նպատակով, այնուամենայնիվ, սա էլ միանշանակ չի համարում։
«Նույնիսկ սննդի հարցերը լուծելու համար բերեմ մեկ թիվ՝ գումարային արտահայտությամբ եթե մեկ տնտեսության հաշվով ծախսերը կազմում են 127 000 դրամ, և դրա 50%-ը կազմում է մոտ 60 000 դրամ (ողջ տնտեսության համար), մինչդեռ մեզ մոտ պարենային նվազագույն զամբյուղը 32 000 է: Այսինքն՝ բացի կյանքի որակի մասին խոսելուց, դեռ մի քանի մակարդակ էլ պետք է իջնենք՝ մինչև սննդային բավարարվածություն»,- ասաց նա:
Տնտեսագետի ամփոփմամբ, բոլոր այս միտումները, ցուցանիշները որևէ կերպ պայմանավորված չեն Հայաստանի ներքին տնտեսությամբ, այլ Ռուսաստանից, որտեղից այս տարի նախորդ տարի միայն 2 միլիարդ դրամի տրանսֆերտներ են ստացվել հարազատներից, ծանոթներից, բարեկամներից:
«Դրանով է պայմանավորված, որ մենք դեռ ինչ-որ կարգավիճակ ունենք, մեր ներքին տնտեսության վիճակը կախված է Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների փողերից»,- ամփոփեց Վահագն Խաչատրյանը: