Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ իր երկիրը դուրս է մնացել Մաքսային միության շրջանակներից ու բախվելու է որոշակի խնդիրների հետ հատկապես ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, այդ պատճառով էլ հենվում է իր երկրի մեծ բյուջեի, տնտեսության մակարդակի և բնակչության մեծ թվի վրա: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ ադրբեջանցի նախագահի վերջին արտահայտություններին:
Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը ղարաբաղյան պատերազմի ժամանակ այլ գործերով էր զբաված: «Այդ իսկ պատճառով, հավանաբար, նա չի հիշում, որ 1994թ.-ին, երբ Հայաստանը ստիպեց զինադադար կնքել, Ադրբեջանը դարձյալ լավ սպառազինվա էր, թիկունքում ուներ Թուրքիայի նման երկիր»,- ասել է Սահակյանը: Նրա համոզմամբ կա այլ տարբերություն. «Նրանք իրենց քոչվոր նախնիների պես փորձում են նոր տարածքներ գրավել, իսկ մենք պաշտպանում ենք մեզ համար կենսական նշանակություն ունեցող պապենական հողերը»: Այդ պատճառով բնակչության թիվը դեր չի խաղում: «Բոլորին է հայտնի, որ պատերազմի մեջ մտնող երկիրն ավելի շատ բան է կորցնում: Ամենակարևորն այն է, որ Ալիևն արդեն 5-6 տարի խոսում է այդ պատերազմի մասին: Ուղղակի այժմ նա արդեն հասկանում է, որ իր ուժերը չեն ների»,- ընդգծել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ գնահատելով ադրբեջանցի նախագահի վերջին հայտարարությունները որպես հերթական անհետևանք հայտարարություններ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի աճող հզորությունը մեծ դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Եթե այսօր համեմատենք Հայաստանն ու Ադրբեջանը, ապա մեր առավելությունն ակնհայտ է: Մեր պետական բյուջեն գերազանցում է 10 անգամ, ՀՆԱ մակարդակը՝ 8 անգամ, բնակչության թիվը՝ 6 անգամ»,- նշել էր Ալիևը: