Տնտեսություն 

Էներգաարդյունավետության ծրագրերը քննարկվել են KfW բանկի ներկայացուցիչների հետ

analitik.am

Հայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդունել է kfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումի գլխավորությամբ:


Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ներկայացնելով մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը, նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծել է, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտների էներգաարդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով արդեն քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում: «Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին»,- նշել է նախարարը:


KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրել է, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները եւ այդ համատեքստում կարեւորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի են համարել կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը եւ պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:


Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում:

Նույն շարքից