Տնտեսություն 

Բացառել Երևանում մարզային տրանսպորտի՝ վերջնականգառներից դուրս կայանման դեպքերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 8-ին կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից համայնքային ենթակայության բոլոր կառույցների, ինչպես նաև պետական հիմնարկների ու հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների աշխատակիցներին: Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել հետևողական աշխատանքը մայրաքաղաքի սանիտարական մաքրման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում օգոստոս ամսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Այս մասով ընկերությանը խստորեն հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հնարավորին սեղմ ժամկետում շտկելու ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցներ:

Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես, անդրադառնալով շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ հանձնարարվել է ամենօրյա ուժեղացված հերթապահություն իրականացնել քրոնիկ վայրերում՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով քաղաքային շինաղբի համար հատկացված աղբավայրի առկայության մասին: Բացի այդ, առաջարկվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:

Անդրադառնալով որոշ մարզային տրանսպորտային միջոցների՝ վերջնականգառներից (ավտոկայարաններից) դուրս մայրաքաղաքում կանգառներ իրականացնելու և այդպիսով նաև ներքաղաքային երթուղային ցանցի երթևեկությունը խախտելու դեպքերին՝ հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խնդրին վերջնական լուծում տալու և Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն երթևեկն ապահովելու համար:

Մայրաքաղաքի հանրային օգտագործման վայրերում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված գույքի, այդ թվում՝ նստարանների և աղբամանների պահպանման առնչությամբ հանձնարարվել է դրանք պահել մշտական հսկողության ներքո, իսկ քաղաքացիների կողմից դրանց կամայական տեղաշարժերի դեպքում արագ հայտնաբերել և վերատեղադրել նախատեսված վայրերում:

Տարբեր ոլորտներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված՝ հանձնարարվել է խստորեն հետևել ժամկետների պահպանմանը, իսկ խախտումների դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից