Տնտեսություն 

Կարինե Աճեմյանը հարցուպատասխանի ժամանակ «կծեց» Նիկոլ Փաշինյանին

analitik.am

«Ես հասկանում եմ, որ Դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների, կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, սակայն պետք է մի մտահոգիչ փաստի մասին ասեմ»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Աճեմյանը նշեց, որ միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որը ՀՀ-ում ներդրումների ծավալը երկրորդ եռամսյակում նվազել են 43 տոկոսով. «Դրանից հետո ՌԴ-ում գործարարների հետ Ձեր հանդիպումից 3,5 ժամ հետո գործարարներ եղան, որոնք հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից: Դուք պարզապես անում եք հայտարարություններ, որոնք վտանգում են ներդրումային դաշտը: Տնտեսությունը չի կարող շնչել առանց ներդրումների: Արդյո՞ք այդ հայտարարություններով Դուք չեք սպառնում ՀՀ տնտեսությանը»:

Վարչապետը նշեց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար կա երեք հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիա, մենաշնորհ-օլիգարխիա, կոռումպացված դատական համակարգ. «Ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին պայքար մղում կոռուպցիայի դեմ, որն, ըստ էության, ջախջախված է ՀՀ-ում: ՀՀ-ում մենաշնորհներ չկան, իսկ անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է: Ես Ձեր մտահոգությունները կարող եմ փարատել հետևյալ տվյալներով, մայիսից հետո՝ հունիսին մենք ունեցել ենք 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11,1 տոկոս: Սա ըստ էության շատ լուրջ ցուցանիշներ են»:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան՝ երբևէ. «Վերջին ամիսներին մեր բանկային ակտիվներն աճել են շուրջ 100 միլիոն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջագույն աճ է ունեցել: Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակին, ապա երկրորդ եռամսյակի երկու ամիսներն ապրիլին ու մայիսին են»:

Փաշինյանի պնդմամբ այդ երկու ամիսներին եղել են մարդիկ, ովքեր որոշել են իրենց փողերը Հայաստանից հանել. «Բայց ես հավաստիացնում եմ, որ այդ փողերը կգտնվեն և ետ կբերվեն ՀՀ: Ընդհանուր առմամբ մենք Ձեր և բոլորի մտահոգությունները պետք է ընդունենք որպես ի գիտություն, լսենք քննադատությունները և հետևություններ անենք: Ես Ձեր հայտարարությունների մի մասին տեղյակ չեմ, կտեղեկանամ ու հետևություն կանեմ»:

Վարչապետը նաև խոսեց անշարժ գույքի շուկայում ակտիվության մասին՝ նշելով, որ այս մասով առաջընթաց կա:

Նույն շարքից