Տնտեսություն 

Մեկնարկել է ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը

analitik.am

Հայաստանի կառավարությունը շարունակում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերը. հերթական ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակից» հայտնում են, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը մեր երկրում  ոռոգման համակարգերի բարելավման  նպատակով  2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30մլն դոլարի վարկ 25  տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կլինի 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով /ընդհանուր` 37.5մլն ԱՄՆ դոլար/:

• 1995 հա-ի մեխանիկական ոռոգում կփոխարինվի ինքնահոսով

• 1660 հա-ով կընդլայնվեն պոտենցիալ  ոռոգելի տարածքները

• Զգալի կկրճատվի ջրի կորուստը, կնվազի ոռոգման ջրի ինքնարժեքը:

Ոռոգման համակարգերի բարելավման  քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է թիրախային  համակարգերում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, բարեկարգել գործող ջրանցքները:

1.Ծրագրով կֆինանսավորվի ոռոգման ինքնահոս համակարգերի կառուցումը. Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ եւ Քաղցրաշեն  (24,7 մլն. ԱՄՆ դոլար):  /Մանրամասն` տեղեկանքում/

2. 8.4 մլն դոլար կհատկացվի մեխանիկական եղանակով ոռոգման ջուր տեղափոխող` հեռացնող ջրանցքների համակարգերի բարելավմանը: /Մանրամասն` տեղեկանքում/

3.Նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգում հսկողության եւ տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգի մաս կազմող սարքերի տեղադրում /շուրջ 0,8մլն ԱՄՆ դոլար/: /Մանրամասն` տեղեկանքում/

Տեղեկանք ծրագրի հիմնական ուղղությունների մասին

1.Ինքնահոս համակարգերի կառուցում

ա. Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս ոռոգման համակարգ

Նոր խողովակաշարի կառուցման արդյունքում համակարգը ջուր կստանա Տկահան ջրանցքից, տարածքը սպասարկող 3 պոմպակայանները շահագործումից կհանվեն:

Ինքնահոս ոռոգման այս համակարգը կսպասարկի Բաղրամյան եւ Նորակերտ համայնքների ընդհանուր թվով  573 հա՝ այժմ ոռոգվող 162 հա փոխարեն:

բ. Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ

Ծրագրի շրջանակում Ազատ գետից եւ ջրամբարից ջուր մղող 3 գործող պոմպակայանները կփոխարինվեն Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս ջրամատակարարմամբ` խողովակաշարի միջոցով:

Ծրագրի շնորհիվ ոռոգվող տարածքը 456 հա-ից կընդլայնվի մինչեւ 1 000 հա: Ջրի նոր տարեկան պահանջարկը կդառնա 3,4 մլն.մ3, որից 2,4 մլն.մ3 կմատակարարվի ջրամբարից, իսկ 1մլն. մ3 կառաջանա սպասարկման տարածքի սեզոնային հոսքերից:

գ. Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգ 

 Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանները  կփոխարինվեն ինքնահոս ոռոգմամբ` Մեղրի գետից: Նախատեսված հիմնական աշխատանքներն են` Մեղրի գետի վրա ջրընդունիչ կառույցի եւ մոտ 37,5 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցում՝ սկսած այդ աղբյուրից մինչեւ պոմպակայաններ:

16 պոմպակայանից սնուցվող ոռոգման ընդհանուր տարածքն այժմ կազմում է մոտ 410 հա (մոտ 800 հա` պոտենցիալից): Պոմպակայանների ֆիզիկական եւ բարոյական մեծ մաշվածության պատճառով այս տարածքում մեծ են ջրամատակարարման ընդհատումներն ու կորուստները:

Միայն այս ինքնահոս համակարգից ակնկալվում է տարեկան  շուրջ 3,7 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, ինչը 2013թ. էլեկտրաէներգիայի սակագնով համարժեք է մոտ 320 հազար ԱՄՆ դոլարի:  Մոտ 390 հա-ով կավելանան ոռոգվող տարածքները` ջրի հուսալի մատակարարման եւ խնայողությունների շնորհիվ:

դ. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ

Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը ջուրը ստանում է Արտաշատի ջրանցքից, որը սնվում է Հրազդան գետից եւ Ազատ գետի վրա կառուցված Ազատի ջրամբարից: Պոմպակայանը ջուրը մղում է 180 մ բարձրության վրա:

 Ծրագրի շրջանակում Ազատ գետի վրա՝ Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ, կկառուցվի ջրընդունիչ կառույց եւ մոտեցնող խողովակաշար, որը ջուրը կհասցնի Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազանը` հնարավորություն տալով ինքնահոս ոռոգման ջրով ապահովել գործող համակարգով սպասարկվող հողերը:

Համաձայն նախնական տվյալների, խողովակաշարի ընդհանուր երկարությունը կլինի 23, 5 կմ: Այն կսկսվի 1230 մ մակարդակից եւ կվերջանա 1131 մ բարձրության վրա:

Այս համակարգի սպասարկման տարածքում ոռոգվող հողերի պոտենցիալը 967 հա-ից կհասնի 1380հա-ի:

2.Ջրանցքների բարելավում

ա . Այս ենթաբաղադրիչով կվերականգնվի ոռոգման համակարգերի հեռացնող 29 ջրանցքներից 13-ի շուրջ 52 կմ առավել քայքայված հատվածները` թանկարժեք ջրի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաեւ թույլ կտա կրճատել ընտրված` հեռացնող եւ բաժանարար ջրանցքների պահպանման եւ կապիտալ ծախսերը:

3. SCADA համակարգի սարքերի  տեղադրում

ա. SCADA-ն  ջրաչափման եւ կառավարման ժամանակակից համակարգ է, օգտագործվում է բազմաթիվ երկրներում:

Այս ենթաբաղադրիչի շրջանակում մայր ջրանցքների եւ մի քանի այլ ջրընդունիչ կետերի 71 դիտակետերում կտեղադրվի ջրաչափման եւ ջրի հոսքի կառավարման ժամանակակից մոդել:

Ենթաբաղադրիչի նպատակներն են` բարձրացնել ջրի տեղափոխման եւ բաշխման արդյունավետությունը, հստակեցնել ջրի կորուստները, բարելավել ջրի հոսքի կառավարումը, կատարել ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցել այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավել ջրամատակարարումը:

Նույն շարքից