Սպորտ 

Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. Առաջին լրատվական

analitik.am

Միջազգային մամուլում քննարկման լայն առարկա է դարձել Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալի» և Աղդամի «Ղարաբաղի» միջև կայանալիք հանդիպումը: Պատճառը «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որը չի մասնակցի հոկտեմբերի 4-ին Բաքվում կայանալիք խաղին: Ծագած խնդրին վերջերս անդրադարձել էր նաև անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Ես դեռ չեմ խոսել Հենրիխի հետ, բայց լավ կլիներ, որ որևէ ելք գտնվեր, ու նա մասնակցեր խաղին: Մեր ֆուտբոլիստների ու աշխատակիցների անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը, ապա որոշում կկայացնենք»,- նշել էր Էմերին:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալայի»-ի հետ Դորտմունդի «Բորուսիայի» խաղը: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Ղարաբաղի» հետ կայանալիք մրցավեճից առաջ ադրբեջանական կողմը այնուամենայնիվ չէր բացառում, որ հայ ֆուտբոլիստը կժամանի Բաքու: Այսօր, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի ոստիկանությանը՝ նշում են, որ Ադրբեջան ժամանելու դեպքում հայ ֆուտբոլիստը կձերբակալվի հենց օդանավակայանում:

«Մխիթարյանի՝ Բաքու չժամանելու պատճառն ամենևին էլ նրա ազգությունը չէ: Մեր օրենսդրությունը չի արգելում հայերի և Հայաստանի քաղաքացիների մուտքն Ադրբեջան: Շատ են դեպքերը, երբ Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարզիկներ եկել են մեր երկիր և մասնակցել տարբեր սպորտային մրցումների: Բոլոր դեպքերում էլ ադրբեջանցի իրավապահները պատշաճ կերպով ապահովել են նրանց անվտանգությունը: Սպորտը չի կարելի քաղաքականացնել: Այս դեպքում, սակայն, խոսքը ոչ թե քաղաքականության, այլ հանցագործության մասին է: 2011 թվականին Մխիթարյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Վերջերս նման հանցագործություն է թույլ տվել ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանը: Նրա նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ: Մասնավորապես նա պետք է պատասխանատվություն կրի Ադրբեջանի սահմանն անօրինական և առանց փաստաթղթերի հատելու համար: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ դեռևս հարուցված չէ, սակայն իրավապահները պատրաստվում են ընթացք տալ գործին»,- գրել է ադրբեջանցի բլոգեր Իմրան Հուսեյնովը:

 

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

Նույն շարքից