Գյուղատնտեսություն Տնտեսություն 

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես   անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշթղայի զարգացման,  հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի  բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման  հարցերին։

Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։

Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից