Տնտեսություն 

Խախտումներ են հայտնաբերվել ՊԵկ-ում. Ֆիննախ

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը, ուսումնասիրություններով իրականացնելով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում, պարզել է, որ վերջինիս կողմից խախտվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման» կարգի պահանջները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

 

Նա նշեց, որ ՊԵԿ-ը սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարվելիք նպաստների գումարները:

 

«Արդյունքում 2013թ-ի հունվար-հունիս ամիսների համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր աշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման գումարներն ավելի են ներկայացվել: Այդ թիվը կազմում է 584.7 մլն դրամ»,-ասաց նա:

 

Տեսչության կողմից ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում անցկացված ուսումնասիրություններ արդյունքում մի շարք դեպքեր է հայտնաբերել, օրինակ, երբ գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսում, որից մեկ ամիս հետո ներկայացվել է անաշխատունակության թերթիկ և պետությունից ստացել՝ 150.000 կամ 220.000 դրամից ավելի նպաստ և մի շարք այլ դեպքեր:

 

«2013թ-ի հունվար-մայիս ամիսներին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով՝ ավելի քան 170 գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացվել են որպես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ենթակա նպաստների գումար: Այս բոլոր փաստերը քննության ենթարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»,-ասաց նա:

Նույն շարքից