Տնտեսություն 

Նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղավիացիայի կոմիտե

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Նախարարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Այցի հիմնական նպատակը կառավարչական և կազմակերպչական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելն էր։

Տարիներ շարունակ Քաղավիացիայի կոմիտեն իրավական կարգավիճակով կառավարությանն առընթեր մարմին է եղել։ Այժմ այն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ է, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու նախարարության և քաղավիացիայի կոմիտեի միջև ամենօրյա աշխատանքային գործակցությունը։

Համատեղ աշխատանքի կազմակերպման համար, նախարարի խոսքով, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, պետք է ճշգրտել կառույցների աշխատանքային մոտեցումները և ընդհանրացնել աշխատաոճը։

Քննարկվել են տեղեկատվության փոխանակման, պատասխանատվությունների վերաբաշխման և աշխատանքային այլ ընթացակարգերին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջիկա ծրագրերին, ավիացիայի զարգացման կարճաժամկետ ռազմավարությանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ներկայացրել է վերջին ամիսներին ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Բանակցություններ են ընթանում նոր ավիաընկերությունների հետ` հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունների շուրջ։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտնեց, որ Չինաստանում մասնակցել է «Աշխարհի ուղիներ 2018» միջոցառմանը, որտեղ ստորագրվել է «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Տաթևիկ Ռևազյանի խոսքով` Չինաստանի հետ բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև չվերթերն ակտիվացնելու ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին Աշոտ Հակոբյանը շրջայց է կատարել «Հայաէրոնավիգացիա» և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություններում, առավել մանրամասն ծանոթացել հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից