Տնտեսություն 

Ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը Սևանի շաքարի գործարանի հետ. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ  մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:

Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:

Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

«168.am»-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է:

«Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին և դիմել է նաև մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սևանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ և պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»:

Նախկինում Սևանի շաքարի գործարանը լուրջ մրցակցություն էր առաջացրել շաքարի մենաշնորհատեր համարվող Սամվել Ալեքսանյանի համար: Գործարանն իր գործունեությունը սկսել էր 2003 թվականին: Կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն էր սկսել ՎԶԵԲ-ի հետ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվում էր ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել էր 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400 հազար ԱՄՆ դոլարի։

Սակայն հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր անհայտ կամ հայտնի, բայց չբարձրաձայնվող պատճառներով:

Իսկ վերջին շրջանում, մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ սկսվեցին գործարանը վերագործարկելու ուղղությամբ, թարմացվել են նախկին գործընկերների հետ կապերը, և նախատեսվում է 34 մլն դրամի ներդրում իրականացնել:

Ընկերության ղեկավարները խոստանում են, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունն այլ երկրներում շաքարի գների տատանումներից»:

 

Նույն շարքից