Տնտեսություն 

Հայաստանն այս տարի էլ չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

analitik.am

Հաջորդ շաբաթ՝ հունվարի 22-25-ը Դավոսում տեղի կունենա ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են մի քանի տասնյակ երկրներ՝ ղեկավարների մակարդակով, գործարարներ ու տնտեսագետներ: 

Լրագրողի հարցին, թե ում մակարդակով է Հայաստանը մասնակցելու Դավոսի համաժողովին, նախագահականից պատասխանեցին, որ իրենք տեղեկություն չունեն և պետք է դիմել կառավարություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Հարություն Բերբերյանն էլ ասաց, որ այս տարի կառավարությունից ոչ ոք չի մասնակցելու դավոսյան համաժողովին: Իսկ թե որն է պատճառը, Բերբերյանը չասաց: «Առանձնահատուկ պատճառներ չկան: Պարզապես այս տարի այդպես է որոշված»,- ասաց նա:

Բերբերյանը հիշեցրեց, որ անցած տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ամառային Դավոսին, որը տեղի էր ունեցել Չինաստանում, իսկ ավելի վաղ՝ Վիեննայում կայացած Դավոսին: «Առայժմ այս ֆորմատն է ընտրված»,- հավելեց վարչապետի խոսնակը: 


Նշենք, որ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին: Այդ տարի համաժողովին մասնակցում էր Սերժ Սարգսյանը. դա, ըստ էության, վերջին 5 տարիների ընթացքում նրա վերջին մասնակցությունն էր այդ հեղինակավոր համաժողովին: Նույն 2009 թվականի համաժողովին Սերժ Սարգսյանը բավական հագեցած գրաֆիկով երկկողմ հանդիպումներ էր ունենում բազմաթիվ երկրների ներկայացուցիչների, ղեկավարների հետ՝ ձեռք բերելով բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ: Այս կոնտեքստում, թե ինչու են իշխանությունները վերջին տարիներին անտեսում այս կարևոր համաժողովը, հասկանալի չէ: Նախորդ տարիներին կառավարությունը համաժողովին չմասնակցելը պատճառաբանում էր պետական միջոցները խնայելու հանգամանքով, ինչը, հասկանալի է, որ ընդամենը պատճառաբանություն է:

Նշենք, որ Դավոսի համաժողովին մասնակցում են նաև մեր հարևան երկրները՝ ղեկավարների մակարդակով: 

Նշենք նաև, որ այս հեղինակավոր համաժողովի ժամանակ քննարկվում են 2014 թվականի հիմնական ռիսկերը, որոնց վերաբերյալ պետությունների ներկայացուցիչները հանդես են գալիս զեկույցներով: 




www.1in.am

Նույն շարքից