Տնտեսություն 

Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար 30 տարի ժամկետով կգործեն անտոկոս վարկեր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կառավարությունը որոշում է կայացրել, որը նպատակ ունի աջակցելու երիտասարդ ընտանիքներին բնակարանային խնդիրները լուծելու հարցում: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով որոշումը՝ վարչապետը նշեց, որ երիտասարդ ընտանիքներին հնարավորություն է տրվում արտոնյալ պայմաններով ձեռք բերել բնակարան և այդ արտոնություններն ավելի ընդլայնվել են: Մասնավորապես, եթե նախկինում երիտասարդ էին համարվում այն ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքը չէր գերազանցում 65-ը, հիմա այն ավելացվել է և դարձվել է 70 տարի: Այս ընտանիքները կկարողանան երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով. Երևանում հիփոթեկային վարկի տոկոսն առավելագույնը կլինի 7,5 տոկոս, իսկ մարզերում 5,5 տոկոս. «Խոսքն ռավելագույն տոկոսի մասին, որովհետև դրանք կարող են ավելի ցածր լինել որոշակի պայմաններում: Կան նաև բանկեր, որոնք խոստացել են ավելի ցածր տոկոսներով տրամադրել: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կանխավճարին: Եթե նախկինում 30 տոկոս կանխավճար էր պահանջվում, հիմա կա 10 տոկոս կանխավճարի հնարավորություն, եթե առկա է 2-րդ գույքի գրավ»:

Վարչապետի խոսքերով, այս որոշման շնորհիվ երկրորդային շուկայից կարելի կլինի մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան գնել, իսկ առաջնային շուկայից՝ մինչև 30 միլիոն դրամ. «Առաջնային շուկայից բնակարան գնելու դեպքում վարկի մարման ժամկետը 30 տարի է, իսկ երկրորդային շուկայի բնակարանների համար՝ 20 տարի: ՀՀ օրենսդրությամբ և այս որոշման մեջ առկա դրույթով նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերողները ետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար 30 տարի ժամկետով կգործեն անտոկոս վարկեր: Սա շատ լավ հնարավորություն է»:

Սա վերաբերում է նաև առանձնատներին՝ պայմանով, որ շինարարությունը պետք է իրականցնի լիցենզավորված շինարարական կազմակերպությունը, ինչը ՀՀ օրենքների շրջանակներում է:

 

 

Նույն շարքից