Տնտեսություն 

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։

Դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարևորեց երկու երկրների միջև  գործակցությունն առավել ակտիվացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք հնարավորություններ։ Կարևորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական բուհերի  հետ համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները։

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից