Տնտեսություն 

2013թ. բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամը

analitik.am

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

 

Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի բաժնից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 20.079.288.094 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 15.461.770.966 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 129 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3.461.297.695 դրամ՝ նախորդ տարվա 2.761.730.761 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 125 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 10.061.390.746 դրամ, նախորդ տարվա 6.768.605.831 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 148 տոկոս, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.821.158.004 դրամ, նախորդ տարվա 2.039.182.862 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138 տոկոս:

 

Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 21.644 կատարողական վարույթի, նախորդ տարվա 20.008-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2013 թ-ին կազմել է 119.101 կատարողական վարույթ, նախորդի՝ 105.159-ի փոխարեն, աճը կազմել է 113 տոկոս։

 

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն 2013 թվականին ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով, 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքով, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 57 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի «ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակները, որոնք ի դեպ, սահմանվել են նախորդ տարի և ամենամյա բնույթ են կրում, 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության իրավաբանական և Կոտայքի մարզային բաժիններին:

Նույն շարքից